«Մենք համայնք չենք, մենք պետություն ենք, մեր վերաբերմունքը պետք է լինի ադեկվատ, ոչ թե նեղացկոտ». Կարեն Բեքարյանը՝ Պուտինի ասուլիսի մասին

«Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը չի կարծում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ասուլիսում միտումնավոր չի նշել Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմաբազայի մասին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՌԴ նախագահի ասուլիսի այն շեշտադրումներին, որոնք Հայաստանում բացասական արձագանք գտան մեզանում (մասնավորապես՝ ռազմաբազայի մասին չնշելու և ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման նոր զարգացումների վերաբերյալ)՝ բանախոսը նշեց, որ կոնկրետ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասին չնշելն ուղղակի թույլ տրված սխալ էր.

«Ես միտումի էլեմենտ կտեսնեի այն դեպքում, երբ իր դրսի բոլոր ռազմաբազաները թվարկեր, Հայաստանը մնար: Այսօր Ռուսաստանն ունի բավական մեծ ներկայություն և ռազմաբազա Սիրիայում, բայց իր ներկայացրածների մեջ չկար նաև դա, այսինքն՝ եթե դու բոլորը թվարկում ես և այն մեկը բաց ես թողնում, կարելի է միտումի էլեմենտներ տեսնել, բայց եթե դու այնպիսի բացթողում ես արել, որ բոլորի վրա անդրադարձել է, այս պարագայում էլ ուրիշի սխալը մեկնաբանելն այնքան էլ ճիշտ չէ»:

Անդրադառնալով նաև ռուս-թուրքական հարբերությունների մերձեցման մասին ՌԴ նախագահի հայտարարություններին՝ Կ. Բեքարյանը նշեց, որ մենք պետք է բավական հավասարակշիռ և պրագմատիկ մոտեցում ցուցաբերենք.

«Ռուսաստանն այսօր կատարում է քայլեր, գործողություններ՝ երկրում ճգնաժամային իրավիճակը մեղմելու, դրանից դուրս գալու համար: Այդ գործողությունները պետք է բոլորը բխեն իրենց շահերից, երբ ինքն է անում: Եթե այդտեղ ինչ-որ բան մեր ճաշակով կլինի կամ չի լինի՝ դա այլ հարց է:

Այս հարցին պետք է վերաբերվել ոչ թե ավելի էմոցիոնալ կամ փորձել դրա մեջ տեսնել հերթական՝ մեր հանդեպ արված որոշակի քայլ, ո՛չ, այստեղ պետք է հասկանալ և կիրառական քաղաքականության տեսակետից, պետք է այս ամենից բխող մարտահրավերների հստակ հաշվարկ և դրանց նվազեցման կամ չեզոքացման գործողությունների ծրագիր լինի: Սա այլ խնդիր է:

Մեզ վաղուց պետք է գիտակցել՝ մենք համայնք չենք, մենք պետություն ենք, հետևաբար՝ այսպիսի հարցերի վերաբերյալ մեր վերաբերմունքը պետք է լինի ադեկվատ, ոչ թե նեղացկոտ: Չեմ կարծում, որ որևէ բան մեզ պետք է զարմացներ»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս