Արամ Սարգսյան. Այս պայմաններում անհույս է դառնում երկխոսության շարունակումը իշխանությունների հետ
Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) Հանրապետական խորհրդի նիստը:
Օրակարգում քննարկվեց երկու հարց`
Հայաստանի դեմոկրատական կուսակցության VIII համագումար հրավիրելու հարցը:
Ֆինանսատնտեսական ճգնաժամը հանրապետությունում որպես կառավարման արատների արտահայտում:
Զեկուցումով հանդես եկավ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Վերլուծելով ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, ՀԴԿ նախագահը մատնանշեց բոլոր այն առաջարկությունները, որոնք վերջին տարիներին ներկայացվել են ՀՀ կառավարությանը, և, փաստորեն, մնացել են անիրականանալի: Պատճառը մեկն է` տնտեսական կացութաձևի ընտրության գաղափարական տարբերությունը: Երկրում գործում է մենաշնորհային կորպորատիվ շահերից բխող համակարգ, որի հիմքում գերշահույթ ստանալը վերին նպատակն է:
Այս պայմաններում անհույս է դառնում երկխոսության շարունակումը իշխանությունների հետ:
ՀԴԿ Հանրապետական Խորհրդի անդամներ Արմեն Հովսեփյանը, Լևոն Հակոբյանը, Ռուբեն Բախշյանը, Արթուր Բաբայանը, Ռաֆիկ Ավետիսյանը, Լյուդմիլա Ազիզյանը և այլք, արտահայտեցին իրենց դժգոհությունը և մտահոգությունը` կապված դրամի արժեզրկման և համատարած ու անհիմն թանկացումների հետ: Ելույթներում հատուկ ընդգծվում էր այն փաստը, որ կառավարությունը չի կարողանում կամ չի ուզում օգտագործել իրեն տրված կարևորագույն գործառույթը` պետության կարգավորիչ դերը:
Ելնելով այն հանգամանքից, որ առաջիկա ամիսներին տնտեսական նոր իրողությունների պայմաններում կպարզեցվի երկրում տիրող իրավիճակը, ինչը հնարավորություն կտա կանխորոշելու կուսակցության հետագա քայլերը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդը որոշեց հետաձգել կուսակցության VIII համագումարի հրավիրումը մինչև 2015թ. առաջին կեսը:
Քննարկումների արդյունքում որոշվեց ձևավորել աշխատանքային խումբ, որը մեկամսյա մոնիտորինգ կանցկացնի երկրի սոցիալ-տնտեսական վիճակի և կառավարության քայլերի արդյունավետության վերաբերյալ և փաստագրական նյութի հիման վրա կներկայացնի իրավիճակի հաղթահարման ամփոփ վերլուծություն` սոցիալ-դեմոկրատական մոտեցումների տեսանկյունից:
Միաժամանակ կուսակցությունը պահանջում է կառավարությանը անհապաղ քայլեր ձեռնարկել գնաճի և դրա հետևանքների վերացման, ինչպես նաև չարաշահողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
ՀԴԿ մամուլի ծառայություն