Իրանը հաջորդ շաբաթ կանցկացնի խոշորամասշտաբ զորավարժություններ
Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը հաջորդ շաբաթ իրականացնելու է «Մուհամմեդ-Ալլահի առաքյալ» պայմանական անվանմամբ խոշորամասշտաբ զորավարժությունները: Դրանց մասնակցելու են երկրի ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ու հակաօդային պաշտպանության ուժերը:
Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի փոխհրամանատար, բրիգադի գեներալ Աբդուլ Ռահիմ Մուսավին: Նրա խոսքերով` զորավարժությունների հիմնական մասն անցկացվելու է դեկտեմբերի 23-31-ին` ավելի քան 2 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի վրա` ընդգրկելով Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջանները, Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցի շրջանը:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ այդ զորավարժանքների ժամանակ ցուցադրվելու են նոր անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև հրթիռային համալիրներ: