Հայաստանի տնտեսությունը որևէ իմունիտետ չունի արտաքին և ներքին սպեկուլյացիաների հանդեպ. վերլուծաբան

Հայաստանում այս մեկ տարվա իրադարձությունները կատարվեցին աշխարհաքաղաքական շատ բուռն զարգացումների ֆոնի վրա: Այս տեսակետն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ նկատելով, որ Ռուսաստան- Ամերիկայի միացյալ նահանգներ բավականին լուրջ բախումը տարվում է՝ աշխարհը միաբևեռից բազմաբևեռ դարձնելու համար և Հայաստանում ինչ կատարվում է, այս ֆոնի վրա է կատարվում:

Ըստ վերլուծաբանի՝ երկրի ներսում ամենակարևոր փոփոխությունը կառավարության փոփոխությունն էր, մասնավորապես՝ վարչապետի փոփոխությունը. «Ծրագրային առումով որևէ լուրջ փոփոխություններ տեղի չունեցան և չէին էլ կարող ունենալ, որովեհտև եթե տնտեսական-քաղաքական հիմքում չկա զարգացում (առաջին հերթին դա վերաբերվում է հեղափոխական քայլերին գնալու ցանկությանը, արդյունաբերությանը զարկ տալուն), ապա մնացած բոլոր խոսակցություններն ընդամենը եղած ռեսուրսներն ավելի էֆեկտիվ օգտագործելուն են վերաբերվում, և եթե նկատել եք, նոր կառավարության ձևավորումից հետո էլ հիմնականում խնդիրը հնարավորինս ստվերից ավելի շատ դեպի լեգալ դաշտ բերելն էր, այլ ոչ թե ինչ որ մի բան ավելացնելը»:

Վ. Հակոբյանը կարծում է՝ ամենակարևոր իրադարձություններից մեկն է նաև այս տարվերջին արտարժույթային շուկայում տեղի ունեցող զարգացումենրը, որոնք ուղղակի արձանագրեցին մեր տնտեսության բավականին ողբալի վիճակը. «Ըստ էության, մենք տեսանք, որ Հայաստանի տնտեսությունը որևէ իմունիտետ չունի արտաքին և ներքին սպեկուլյացիաների հանդեպ, սա փաստ է, որը կարծում եմ՝ այսօր ոչ ոք չի կարող ժխտել: Մենք տեսնում ենք, որ երբ մի 15 տոկոս ավելի քիչ է արտարժույթ գալիս արտագնա աշխատանքների մեկնած մեր հայրենակիցերի կողմից, ապա միանգամից դա ազդում է հայկական շուկայի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս