Ղարաբաղյան հակամարտությունն ընդգրկվել է 2015 թվականի աշխարհաքաղաքական 34 ռիսկերի թվում

Ամերիկյան Միջազգային հարաբերությունների խորհրդի (CFR) պաշտոնական կայքի (www.cfr.org) փոխանցմամբ՝ CFR-ն իր Global Conflict Tracker տարեկան կանխատեսման մեջ հստակեցրել է հաջորդ տարվա աշխարհաքաղաքական 34 ռիսկերը:

Կազմակերպությունը դրա համար հարցում է անցկացրել ավելի քան 2200 կառավարական պաշտոնյաների, արտաքին քաղաքականության հարցերով փորձագետների ու գիտնականների շրջանում՝ ավելի լավ հասկանալու համար 2015 թվականին ԱՄՆ-ի առջև կանգնած ռիսկերը կամ էլ այն իրադարձությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ամերիկյան շահերի վրա:

Հաջորդ տարվա աշխարհաքաղաքական 34 ռիսկերի թվում է հայտնվել նաև Ղարաբաղյան հակամարտությունը, որը էսկալացիայի պլանում ընդգրկվել է ամենացածր հավանականությամբ ռիսկերի թվում: Մինչդեռ Ուկրաինայի արևելքի հակամարտությունն էսկալացիայի հարցում ունի առաջատար դիրքեր:

Առավել շատ սպառնալիքները բաժին են ընկել Ասիային. Հարավ-չինական ծովում զինված բախում, ԿԺԴՀ-ի ճգնաժամ, Արևելա-Չինական ծովում չին-ճապոնական դիմակայություն, Հնդկաստանի ու Պակիստանի միջև հակամարտություն, Չինաստանում էթնիկ հուզումներ, Աֆղանստանի, Պակիստանի, Թայլանդի ներքին անկայունություններ, Իրանի միջուկային ծրագիր, Արաբական թերակղզում «Ալ-Քաիդայի» գործունեության ուժգնացում, Սիրիայի ու Իրաքի հակամարտություններ (քաղաքացիական պատերազմներ), Լիբանանում ու Հորդանանում քաղաքական անկայունություն:

Ռիսկերի թվում են հայտնվել նաև Թուրքիայի քաղաքական բռնությունները: Աշխարհաքաղաքական ռիսկերը բավական շատ են նաև աֆրիկյան երկրների թվում, որոնցում հայտնվել են Եգիպտոսը, Սուդանը, Հարավային Սուդանը, Մալին, Սոմալին, ԿԱՀ-ը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Լիբիան, Նիգերիան, ինչպես նաև Արևմտյան Աֆրիկան:

Հարավային Ամերիկայում մտահոգիչ է համարվում Վենեսուելայի քաղաքական ճգնաժամը, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ Մեքսիկայում կազմակերպված հանցավորության աճը, ԱՄՆ-ի տարածքում հնարավոր ահաբեկչություններ իրականացնելն ու ԱՄՆ-ի առանցքային ենթակառուցվածքների դեմ կիբեր հարձակումներ ձեռնարկելը:

Տեսանյութեր

Լրահոս