Ժիրինովսկին առաջարկել է ՌԴ-ում պատգամավորների ու սենատորների թիվը կրճատել 1/3-ով
Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Ռուսաստանում պատգամավորների ու սենատորների թիվը կրճատել 1/3-ով: Այս մասին նշված է կուսակցության կայքում:
Ժիրինովսկին կողմ է նաև աշխատակազմի կրճատմանը: Դա հնարավորություն կտա առնվազն 30 տոկոսով կրճատել իշխանական մարմինների վրա ծախսվող միջոցները: Ժիրինովսկին անհրաժեշտ է համարել մնացյալ պատգամավորների աշխատավարձերը կրճատել 30 տոկոսով:
Նրա խոսքերով` Պետդուման բյուջեի համար տարեկան արժենում է 7 միլիարդ ռուբլի, իսկ Դաշնության խորհուրդը` 8 միլիարդ ռուբլի, ընդհանուր` 15 միլիարդ ռուբլի, մինչդեռ կարելի է ծախսել 5, ծայրահեղ դեպքում` 6 միլիարդ ռուբլի:
Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը 2015 թվականի պետական ծախսերը կրճատում է 10 տոկոսով: Դա առաջին հերթին վերաբերվում է պետական ծրագրերին: Պետդուման բաղկացած է 450 պատգամավորից, իսկ Դաշնության խորհրդի ընդհանուր անդամների թիվը կազմում է 170 մարդ: