Այսօր լուրջ չէ TANAP գազատարի թողունակության մեծացման մասին խոսելը. Նատիգ Ալիև
Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը մեկնաբանել է TANAP գազատարի թողունակությունը մեծացնելու վերաբերյալ ԵՄ-ի արած առաջարկը` կապված ռուսական «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործման դադարեցման հետ:
«Ներկայումս TANAP-ը նախատեսված է «Շահ Դենիզ» հանքավայրի մշակման երկրորդ փուլի գազի փոխադրման համար: Գազատարի թողունակությունը կարող է մեծացվել, եթե «Աբշերոն» հանքավայրը շահագործման հանձնվի 2021 թվականին, մեծացվի SOCAR-ի կողմից շահագործվող հանքավայրերում գազի արդյունահանման ծավալը, գործարկվեն նոր հանքավայրեր:
Ապագայում տվյալ խողովակաշարի թողունակությունը կարելի է հասցնել մինչև 35 միլիարդ խորանարդ մետրի, իսկ որոշ հաշվարկներով` մինչև 65 միլիարդ խորանարդ մետրի: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է անենք դա: Այդ հարցը չի լուծվում ցանկությամբ: Դրա համար անհրաժեշտ են գազի ռեսուրսներ, ծավալներ: Այսօր լուրջ չէ խոսել այդ մասին»:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե ԵՄ-ը ցանկանում է, որ 2019 թվականին TANAP գազատարի թողունակությունը ներկայումս պլանավորված 16 միլիարդ խորանարդ մետրից հասցվի մինչև 20 միլիարդ խորանարդ մետրի: Ներկայումս պլանավորված 16 միլիարդ խորանարդ մետրից 10 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է ԵՄ-ի, իսկ մնացյալ 6 միլիարդ խորանարդ մետրը` Թուրքիայի համար: