Բաժիններ՝

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում հայերենը դառնում է պաշտոնական լեզու

Քրդական Rudaw կայքի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում հայերենը ճանաչվել է որպես պաշտոնական լեզու: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին երեկ ստորագրել է լեզվի մասին օրինագիծը, որի համաձայն՝ քրդերենից ու արաբերենից բացի, պաշտոնական լեզվի կարգավիճակ է շնորհվում նաև հայերենին, թուրքմեներենին ու ասորերենին:

Ինքնավարության խորհրդարանի մամլո քարտուղար Թարըք Ջևհերը լրատվամիջոցին հայտնել է, որ նոր օրինագծի համաձայն՝ ինքնավարության այն հատվածներում, ուր բնակվում են հայերը, թուրքմեններն ու ասորիները, պաշտոնական լեզուներ են դառնում հայերենը, թուրքմեներենն ու ասորերենը:

Ջևհերը հիշեցրել է, որ խորհրդարանը տվյալ օրինագիծն ընդունել է հոկտեմբերի 29-ին, իսկ նոյեմբերի 20-ին այն հաստատման նպատակով ներկայացվել է Մասուդ Բարզանիին: Բարզանին հաստատել է օրինագիծը, և որպեսզի այն ստանա օրենքի ուժ, ուղարկել է կառավարությանը:

Թարըք Ջևհերը մանրամասնել է, որ օրինագիծը բաղկացած է 27 հոդվածից, որոնցից առաջինում նշված է, որ Իրաքում ու Քրդական տարածաշրջանում պաշտոնական լեզուներն են արաբերենն ու քրդերենը, իսկ երկրորդ հոդվածում նշված է, որ հայերենը, թուրքմեներենն ու ասորերենը քրդերենի հետ մեկտեղ ճանաչվում են պաշտոնական լեզու այն շրջաններում, որոնցում այդ լեզուներով խոսում են ազգային փոքրամասնությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս