Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու փորձերը չունեն հեռանկար. Լավրովը՝ Քերիին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հռոմում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու փորձերը չունեն հեռանկար: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի Facebook-յան էջում:
Երկկողմ հարաբերությունների քննարկման ժամանակ Լավրովն ընդգծել է, որ դրանց զարգացումը հնարավոր է միայն իրավահավասարության ու շահերի փոխադարձ հաշվի առնման դեպքում: Քննարկելով Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը՝ կողմերը համաձայնվել են, որ անհրաժեշտ է շուտափույթ գումարել շփման խմբի նիստ, ինչը պետք է օգնի սեպտեմբերին Մինսկում ստորագրված համաձայնագրերի իրագործմանը:
Լավրովն ու Քերին քննարկել են նաև միջազգային օրակարգի այլ հարցեր, այդ թվում նաև Պաղեստինա-իսրայելական հակամարտության, Սիրիական հակամարտության ու Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հարցերը: