Ազատամարտիկներն այդ քայլին չեն գնա. Խ. Հարությունյանը՝ ազատամարտիկների հայտարարության մասին

Այսօր Եռաբլուրում անցկացված ազատամարտիկների հավաքի ժամանակ Մուշեղ Սաղաթելյանը հայտարարել է, որ պետք է հավաքվել Ազատության հրապարակում և իշխանություններին ժամանակ տալ հեռանալու, իսկ եթե նրանք չկատրեն այդ պահանջը, պետք է հայտարարել «անիշխանություն», պետք է ջարդ ու փշուր անել Երևանը՝ «խառնելով թացը չորի հետ»:

168.am-ի հետ զրույցում՝ խոսելով այս հայտարարությունների մասին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց. «Ըստ էության, եթե նման քայլեր կատարվեն, ապա այդ դեպքերի հեղինակները կմոտենան իրենց նպատակի իրականացմանը՝ անկառավարելի քաոսի:

Ազատամարտիկները, նախ՝ հայրենիքի համար իրենց կյանքը վտանագած մարդիկ են և նրանք գիտակցում և հասկանում են հայրենիքի արժեքը, և կարծում եմ՝ նրանք երբևէ չեն գնա այնպիսի քայլերի, որոնք, ըստ էության, մեր ներքին և արտաքին անվտանգությունը կարող են դնել սպառնալիքի տակ: Ես կարծում եմ, որ ազատամարտիկներն այդ քայլին չեն գնա»:

Հարցին էլ՝ չե՞ք կարծում, որ հնարավոր է՝ ազատամարտիկների, հասարակական և քաղաքական գործիչների դեմ իրականացվող բռնությունները ոչ թե ամբողջ, այլ իշխանության մի մասի կողմից արված քայլ լինի, Խ.Հարությունյանը պատասխանեց, որ այսօր քաղաքական մեծամասնությունը առավել քան երբևէ մոնոլիտ է. «Ճեղքվածքներ փնտրել այդ թիմում՝ անիմաստ է, դա պարապ զբաղմունք է: Ես նույնսիկ ականատես չեմ եղել շատ լուրջ քաղաքական խորը տարաձայնությունների»:

Տեսանյութեր

Լրահոս