Թուրքիան կունենա սեփական գերբ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան կունենա սեփական գերբ: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ համապատասխան առաջարկով հանդես է եկել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ):
Եթե առաջարկն արժանանա հավանության, ապա Թուրքիայի խորհրդարանում կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի գերբի դիզայնի մշակմամբ: Օսմանյան կայսրության կործանումից հետո Թուրքիան ցայժմ չի ունեցել պետական գերբ:
Չնայած նրան, որ 1925 թվականին գերբի ստեղծման շուրջ անցկացված մրցույթը շահել է նկարիչ Նամըք Իսմայիլը՝ Bozkurt-ի («Գորշ գայլ») պատկերի դիզայնի հեղինակը, այդ գերբն այդպես էլ չգրանցվեց ու չօգտագործվեց: Թուրքիայում գերբի փոխարեն օգտագործում են պետական առանձին կառույցների լոգոներ: