ՌԴ-ը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պետք է գագաթաժողովներ անցկացնեն՝ լարված հարաբերությունները կարգավորելու համար. Գորբաչով
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պետք է գագաթաժողովներ անցկացնեն առկա լարված հարաբերությունները կարգավորելու համար.
«Ես Ռուսաստանի ու ԱՄՆ-ի առաջնորդներին կոչ եմ անում առանց նախապայմանների անցկացնել գագաթաժողով և քննարկել հարցերի լայն շրջանակ: Ամեն դեպքում այդ երկու երկրները կրում են հատուկ պատասխանատվություն: Համանման գագաթաժողով անհրաժեշտ է պատրաստել Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև»:
Գորբաչովն ընդգծել է, որ միջազգային հարաբերություններում աղետալիորեն նվազում է վստահության մակարդակը, իսկ երկու կողմի դիվանագետները տրամադրվել են բազմամյա հակամարտության.
«Ինձ և համաշխարհային քաղաքականության մյուս վետերաններին, որոնք ժամանակին քիչ բան չեն արել՝ «Սառը պատերազմին» վերջ դնելու համար, խնդրում են ձևավորել յուրատեսակ «Ավագների խորհուրդ», որը կմշակեր ուկրաինական ճգնաժամից դուրս գալու առաջարկները: Կարծում եմ, որ արժե անել դա, վետերանների փորձը կարող է օգտակար լինել»: