Թևան Պողոսյան. Արտաքին վեկտորի հարցերը երբևէ չեն եղել եռյակի օրակարգում

«Շատ քաղաքական հարցեր նաև տնտեսականից են կախված լինելու, քանի որ մեր տնտեսությունն այսօրվա դրությամբ բացասական դրսևորումներ է ցուցաբերում, քաղաքական դրսևորումներն էլ շատ մեծ հույս չեն ներշնչում»,- այսօրվա ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Ըստ նրա՝ տեղի է ունենում պայքար տարբեր ընդդդիմադիր քաղաքական խմբակցությունների, խմբերի, ակտիվիստների կողմից. «Հուսով եմ՝ ամեն ինչը կհաջողվի, և եթե ճիշտ քայլերով առաջ շարժվենք, ապա Հայաստանում իսկապես մոտակա ապագայում կտեսնենք տարբեր փոփոխություններ»:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ հանրաքվեի միջոցով հանարավոր կլինե՞ր ԵՏՄ անդամակցությունը չեղյալ համարել, Թ.Պողոսյանն այսպես պատասխանեց.

«Մի հետաքրքիր երևույթ կա, որ ասում ենք՝ եթե այսօր հանրաքվե լիներ Հայաստանի 50+1 ձայնով կընտրեին ԵՏՄ-ն, բայց 2012 և 2013 թվականին տեղի ունեցած ընտրություններում բոլոր քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերում խոսք էր գնում եվրոպական ինտերգրման մասին:

Հիմա այն ուժերը, որոնք կարողացել են անցնել ԱԺ, իրենց նախընտրական ծրագրերում բոլորը խոսում էին Եվրոպական ինտեգրման մասին: Եվ ի վերջո բնակչությունն է քվեարկել նրանց օգտին»:

Հարցին էլ՝ այդ դեպքում՝ ինչո՞ւ մյուս երկու ուժերը կողմ քվեարկեցին ԵՏՄ-ին, Թ. Պողոսյանը խորհուրդ տվեց հարցնել այդ ուժերից. «Քանի որ տարբեր մեկնաբանություններ, որ իրենք բերում են, դա իրենց խնդիրն է, հենց այստեղ է գալիս, որ մենք պետք է սովորենք գնահատել՝ ինչ է նշանակում նախընտրկան ծրագիրը, ոչ թե 5 հազարների, 10 հազարների հետևից գնանք: Եթե գրել եք, որ դուք այս ծրագիրն եք իրականացնելու, ուրեմն՝ իրականացրեք այդ ծրագիրը»:

Լրագրողներից մեկն էլ Թ.Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ԵՏՄ-ի քվեարկությունից հետո եռյակի քաղաքական ուժերի միջև վստահությունը չի՞ կորչի: Թ.Պողոսյանը նկատեց, որ եռյակը համագործակցում է այն քայլերի շուրջ, որոնցով հնարավոր է միասին ինչ-որ ճանապարհ անցնել. «Արտաքին վեկտորի հարցերը երբևէ չեն եղել  եռյակի օրակարգում, այնպես որ՝ բոլորս էլ ի սկզբանե գիտակցում էինք, որ այն խնդիրները, որոնք միգուցե տարանջատումներ կբերեն, չեն դրվել սեղանին, կամ եթե նույնիսկ քննարկել են, ուղղակի սեղանի վրայից վերցրել են, որովեհտև ասում են, որ տարբեր դիրքորոշումներ ունեն»:

 

Տեսանյութեր

Լրահոս