Կարող է առաջանալ հակառուսական պատժամիջոցներին Մաքսային միության շրջանակներում պատասխանելու անհրաժեշտություն. Լավրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի բացառում, որ կարող է առաջանալ Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին Մաքսային միության շրջանակներում պատասխանելու անհրաժեշտություն.
«Մաքսային միության նորմատիվային-իրավական բազան նրա մասնակիցներին հնարավորություն է տալիս ձեռնարկել առևտրային բնույթի համատեղ քայլեր, եթե երրորդ երկրները տնտեսական ճնշում են բանեցնում Մաքսային միության անդամ երկրներից մեկի վրա:
Եվ այնուամենայնիվ, ներկայումս Մաքսային միության օրակարգում չեն գտնվում այդպիսի գործողությունները՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ Արևմուտքի կիրառած սահմանափակիչ միջոցների: Սակայն չենք բացառում, որ ապագայում կարող է առաջանալ այդպիսի անհրաժեշտություն:
Արևմուտքի պատժամիջոցային ճնշման հետ կապված՝ մենք մեր գործընկերների հետ համակարծիք ենք, որ Ռուսաստանի դեմ սահմանված սահմանափակիչ միջոցները հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու չեն նպաստում ներուկրաինական ճգնաժամի կարգավորմանը»: