«Նաիրիտի» աշխատակիցները 2 ժամ է՝ սպասում են, որպեսզի Հովիկ Աբրահամյանն ընդունի իրենց (տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ժամեր շարունակ պահանջում էին, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իջնի իրենց հետ հանդիպման և պատասխանի նախկին խոստումների չիրականացման և այժմ էլ աշխատանքից հեռացման ծանուցագրերի ու չվճարված աշխատավարձերի համար:
Սակայն վարչապետն այդպես էլ չիջավ: Փոխարենը՝ Հ.Աբրահամյանն ուղարկեց իր պատվիրակներին՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գուրգեն Դումանյանին ու Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին, որոնց ցուցարարները սուլոցներով ընդունեցին: Նրանք նախ մերժեցին Հ.Աբրահամյանի հրավերը՝ 5 հոգի պատվիրակություն ուղարկել իր հետ հանդիպման, սակայն որոշ ժամանակ անց արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանի գլխավորությամբ պատվիրակների խումբը պատրաստ էր:
«Մեր պահանջը մեկն է՝ աշխատավարձերի պարտքի մարում: Հույսներս չենք կտրում, որ պետք է մարեն: Չգիտեմ ինչ ճանապարհներով, դա կառավարության խնդրին, բայց որ աշխատավարձերի պարտքը պետք է մարեն, միանշանակ պետք է մարեն»,- նախքան ներս մտնելը 168.am-ին ասաց Հ.Թադևոսյանը:
Արդեն մոտ 2 ժամ է` պատվիրակները սպասում են, որ վարչապետը վերջապես կընդունի իրենց: Իսկ կառավարության ներկայացուցիչները պատճառաբանում են, թե Հ.Աբրահամյանը խորհրդակցության է:
«Որոշել ենք այսօր մինչև ժամը 18:00-ն սպասել, կընդունի՝ լավ, չի ընդունի՝ վաղը ժամը 11:00-ին կրկին կհավաքվենք կառավարության շենքի մոտ»,- 168.am-ին ասաց «Նաիրիտի» լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
Ի դեպ, ինչպես և անցած հինգշաբթի ՀՀ նախագահի նստավայրի առջև ցույցի ժամանակ ակցիային «մասնակցում» էր նաև գործարանի ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը: Նրա մասնակցությունը, սակայն, կայանում էր նրանում, որ նաիրիտցիներին հորդորում էր ցրվել ու համոզում, թե աշխատավարձերը վճարվելու են: Մեր հարցին, թե Սաղաթելյանն ի՞նչ է անում ակցիայի մասնակիցների շարքերում, արդյոք պահանջ ունի՞ վարչապետից, նա այդպես էլ հստակ պատասխանեց չտվեց:
Մանրամասները՝ տեսանյութում: