 
                        Ադրբեջանը մտադիր է ԵՄ-ի հետ իր հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի. Մամեդյարով
 
                                    Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 21-րդ նիստի շրջանակներում, որն անցկացվել է դեկտեմբերի 4-5-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացող իրադարձությունները, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խաղաղության բանակցությունների գործընթացը:
Մամեդյարովը բարձրացրել է հայկական կողմի անցկացրած զորավարժությունների հարցը` ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ դրանք անցկացվել են Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո: Մամեդյարովի խոսքերով` այդօրինակ գործողությունները «բացասաբար են ազդում խաղաղ կարգավորման վրա»:
Մամեդյարովը բարձր է գնահատել ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը` ընդգծելով, որ Ադրբեջանը եվրոպական մի շարք երկրների հետ գտնվում է ռազմավարական գործընկերության փուլում: Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը մտադիր է ողջ ԵՄ-ի հետ իր հարաբերությունները հասցնել մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        