Մոսկվայի ու Սուխումի միջև պայմանագիրը կբարդացնի ռուս-վրացական հարաբերությունները. Իլյա 2-րդ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը հայտարարել է, որ Մոսկվայի ու Սուխումի միջև նախորդ շաբաթ ստորագրված պայմանագիրը, որը նախատեսում է համատեղ զորքերի ստեղծում, կբարդացնի ռուս-վրացական հարաբերությունները.
«Աբխազիայի դե-ֆակտո կառավարության (և հավանաբար առաջիկայում Հարավային Օսիայի իշխանական ուժերի) հետ ստորագրելով համաձայնագիր՝ Ռուսաստանի Դաշնության իշխանություններն էլ ավելի են սրում Վրաստանի ու Ռուսաստանի միջև առկա առանց այն էլ բարդ քաղաքական իրավիճակը և իրարից ավելի են հեռացնում եղբայրական երկու ուղղափառ ժողովուրդներին»:
Իլյա 2-րդի խոսքերով՝ այդ համաձայնագրով անտեսվեցին միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքները, որոնց համաձայն՝ այդպիսի որոշումներ ընդունելու համար պետք է հաշվի առնվի Աբխազիայի բնակչության կամքը: Իլյա 2-րդը հիշեցրել է, որ Աբխազիայի բնակչության մեծ մասն արդեն 20 տարի է, ինչ դարձել է հարկադիր վերաբնակ, որով և նրանք չեն մասնակցել տարածքի ճակատագրի հստակեցմանը:
Պատրիարքը վստահություն է հայտնել, որ Վրաստանը վաղ թե ուշ եղբայրական հարաբերություններ է հաստատելու աբխազների ու օսերի հետ և վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը, քանի որ ճշմարտությունն ու արդարությունն անպայմանորեն հաղթում են: