Րաֆֆի Հովհաննիսյան. Նիկոլը պիտի այն ժամանակ պատասխանատվություն վերցներ

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբունքորեն կողմ է ԱԺ պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանին իմփիչմենտ հայտարարելու նախաձեռնությանը, բայց կարծում է, որ պատգամավորի ներկայացրած նախագծում բացակայում է տարրական հիմնավորումն այն մասին, որ Սերժ Սարգսյանը նախագահ է դարձել կեղծված ընտրությունների միջոցով:

Այսօրվա ասուլիսում Հովհաննիսյանն ասաց, որ եթե Փաշինյանն այդ հարցում իրեն դիմած լիներ, ապա ինքը կարող էր մեկ-երկու ուղղություն ցույց տալ երիտասարդ գործչին:

Նա շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն իր կողմից հարգված գործիչ և քաղաքացի է, հիշեց, որ թեև Նիկոլը չաջակցեց իրեն 2013 թ. նախագահական ընտրություններում, բայց նրանցից էր, ով ընտրություններից հետո, երբ տեսավ, որ ինքն է իրականում ստացել ժողովրդի ձայնը, եկավ Ազատության հրապարակ և կանգնեց իր կողքին:

«Ի տարբերություն ուրիշների, ովքեր ուշացած եկան և պահանջեցին, որ իշխանությունն իրենց հետ կիսվի, Նիկոլը հակառակ մոտեցումը դրսևորեց. ինքն ասաց` ես եկա, բայց ոչ մի պատասխանատվություն չեմ վերցնում: Ափսոս: Ինքը պիտի այն ժամանակ ևեթ պատասխանատվություն վերցներ: Հաջողություն եմ մաղթում իրեն: Իսկապես շնորհալի և երիտասարդ գործիչ է: Նա այս հարցում ինձ չդիմեց` որպես «Ժառանգության» ներկայացուցչի:

Կարդացեք նաև

Եթե ինձ դիմած լիներ, ես կարող էի մեկ-երկու ուղղություն տալ իրեն, բայց ինքը դիմեց խմբակցություններին, ինչը նորմալ է: Սկզբունքորեն ես դեմ չեմ, ես կողմ եմ, որովհետև, իհարկե, այսօր ունենք չընտրված նախագահ և իշխանություն, բայց հետաքրքրաբար Նիկոլի հիմնավորումներից բացակայում է հենց այդ պահը, որ այս իշխանությունն ընտրված չէ, և ընտրությունները կեղծված, գողացված են: Իմփիչմենտի ամենահիմնական, տարրական հիմնավորումը բացակայում է` էլ չասած «Մադրիդյան սկզբունքների», Եվրասիական միության և այլնի մասին»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագծի» մասին նախաձեռնությամբ, որին, սակայն, միացել է ընդամենը երկու պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, ովքեր, ի դեպ, «Ժառանգություն» խմբակցությունից են: Այնինչ նախագիծը խորհրդարանում քննարկելու համար անհրաժեշտ էր 44 պատգամավորի ստորագրություն:

Տեսանյութեր

Լրահոս