«Դուք մարտավարություն տեսնո՞ւմ եք, ես չեմ տեսնում». Ա. Սիմոնյանը՝ եռյակի մասին
«Իրենք միասին շատ քիչ բան են որոշում, դա ցույց տվեց նախորդ մի քանի ամիսը, երբ մենք հրապարակից լսեցինք, որ կա կոնկրետ մարտավարություն, որին մարդիկ պետք է չխառնվեն և վստահեն իրենց, դրան հետևեց ՀԱԿ-ի հայտարարությունը, որին ի պատասխան հետևեց ԲՀԿ-ի հայտարարությունը ՀԱԿ-ի վերաբերյալ, որն ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությամբ, որ ինքն առանձին հանրահավաքներ է սկսում: Հիմա այս պարագայում ուզում եք ասել միասնական շատ հարցեր կա՞ն, որ լուծվում են, ոչ, չեմ հավատում»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով ոչ իշխանական եռյակի մասին՝ նման տեսակետ հայտնեց Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ կարծում է, որ ընդդիմությունը վերջին 20 տարում միշտ նույն խնդիրն է ունեցել՝ յուրաքանչյուրը ցանկացել է լիդեր լինել. «Սկսած 1996 թվականից՝ Վազգեն Մանուկյան, Պարույր Հայրիկյան, հետո Գեղամյան, Ստեփան Դեմիրճյան, Արամ Սարգսյան… Մեկը մի քիչ ավելի շատ, մեկը ավելի քիչ ամբիցիաներով, բայց միշտ այդ ամբիցիաները եղել են: Հիմա էլ կա, ինչը նորմալ է»:
Քաղտեխնոլոգը ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը ավելի շատ է հասկանում, քան «Ժառանգությանը» նրանց հետ: Ըստ նրա՝ ԲՀԿ-ն ունի լուրջ ֆինանսական, մարդկային ռեսուրսներ, չունի քաղաքական կոմպոնենտ: ՀԱԿ-ը ունի Լևոն Տեր-Պետրոսյանի նման «քաղաքական գիգանտ», չունի ռեսուրսներ. «Այսինքն՝ այդ միացությունը կարող էր բերել բավականին հետաքրքիր բանի: Համենայնդեպս, ինչ-որ սև կատու այնուամենայնիվ անցավ նրանց մեջ: Իսկ «Ժառանգության» հետ կապված՝ ի սկզբանե զգացվում էր, որ կա խնդիր, դեռ առաջին միտինգի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը, ելույթի կիսատ թողնելը, այսինքն՝ ամեն ինչ պարզ էր»:
Հարցին՝ հնարավո՞ր է Քաղաքացիական պայամանգիր նախաձեռնությունը միանա եռյակին, Ա.Սիմոնյանն այսպես պատասխանեց.
«Մենք որևէ մեկի հետ համագործակցությունը երբեք չենք բացառել: Մեր միանալը հնարավոր է միայն մի պայմանով, երբ պարզ է լինում՝ այդ համագործակցությունը որտեղ է սկսվում, ինչ է տեղի ունենում և ինչով է ավարտվում: Մեր կողմից բազմիցս հայատարարվել է՝ որ օրը եռյակը կբարձաձայնի Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, մենք կպաշտպանենք այդ հայտարարությունը»:
Ըստ նրա՝ եռյակն այսօր չգիտի՝ ինչից է սկսել, ինչ է անելու. «Դուք մարտավարություն տեսնո՞ւմ եք, ես չեմ տեսնում»:
Կ. Քոչարյանը նկատեց, որ Հայաստանում իշխսնափոխություն երբևիցե չի եղել, ու ինքն այսօր չի տեսնում դրա ոչ մի նախադրյալ. «Հայաստանում մի անգամ եղել է պալատական հեղաշրջում, դա չի եղել իշխանափոխություն: Ընդդիմությունը չի եկել իշխանության՝ ո՛չ հեղաշրջումով, ո՛չ ընտրություններով: Այն, որ նման բան կլինի, ես չեմ բացառում, բայց այսօրվա դրությամբ նման նախադրյալ ես չեմ տեսնում»: