Պուտինը ստորագրել է Ղրիմում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին օրենքը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմում ու Սևաստոպոլում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին օրենքը: Այս մասին նշված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում: Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է 25 տարի ժամկետով՝ այդ ժամկետի երկարաձգման հնարավորությամբ:
Նոր օրենքով՝ ներդրողների համար նախտեսված է վիզային դյուրացված ռեժիմ, ինչպես նաև մի շարք մաքսատուրքերի զրոյացում: Օրենքը տարածվում է գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերամշակող արդյունաբերության, լոգիստիկայի ու նավաշինության ոլորտներում գործունեություն ծավալած ձեռնկատերերի վրա:
Ընդ որում՝ ազատ տնտեսական գոտու մասնակիցներն իրավունք չունեն մասնակցել օգտակար հանածոների արդյունահանմանը, ինչպես նաև մայրցամաքային շելֆի հանքավայրերի մշակմանը:
ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ Ղրիմում ու Սևաստոպոլում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին օրենքն ընդունել է նոյեմբերի 21-ին: Ռուսաստանի Դաշնության խորհուրդն այն հավանության է արժանացրել նոյեմբերի 26-ին: