Ես կլուծեմ հյուսիսային տարածքների խնդիրն ու կկնքեմ խաղաղության պայմանագիր. Սինձո Աբե
Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Հոկայդո կղզի կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ամեն գնով հասնել Ռուսաստանի հետ տարածքային վեճի (Կուրիլյան կղզիներ) կարգավորմանը.
«Ես կլուծեմ հյուսիսային տարածքների խնդիրն ու կկնքեմ խաղաղության պայմանագիր: Որպես քաղաքական գործիչ, որպես վարչապետ՝ ցանկանում եմ դրան հասնել ամեն գնով»: Ընդգծվում է, որ Աբեն այս հայտարարությունն արել է Նեմուրի քաղաքի քաղաքապետ Սյունսկե Խասեգավայի հետ հանդիպման ժամանակ:
Խասգավան իր հերթին հայտարարել է, որ Աբեին արդեն իսկ տրվել է նման հնարավորություն. «Դուք Ռուսաստանի նախագահի հետ արդեն իսկ հանդիպել եք 7 անգամ, և ես շատ կցանկանայի, որ Դուք լուծեք այդ խնդիրը վարչապետ հանդիսանալու ժամանակ»:
Ռուսաստանաի ու Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչի գլխավոր խոչընդոտը Հարավային Կուրիլյան կղզիների շուրջ տարածքային վեճն է:
1855 թվականի համաձայն՝ Իտուրուպ, Կունաշիր ու Շիկոտան կղզիները պատկանում են Ճապոնիային, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով դրանք անցել են ԽՍՀՄ-ին: