Բաժիններ՝

Երկու բարեկամներից մեկը միշտ մյուսի ստրուկն է, թեպետ հաճախ նրանցից ոչ մեկն էլ այդ չի խոստովանում. Թևավոր խոսքեր Մ.Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» վեպից

«Մեր ժամանակի հերոսը» վեպը գրվել է 1838-39 թթ.: Լերմոնտովին զբաղեցրել էր ժամանակակից մարդու տիպական կերպարի ստեղծումը, և նա դա իրագործեց այս վեպում: Վեպի ծավալը մեծ չէ,  բայց այն կարողացավ դառնալ համաշխարհային գրականության ամենակատարյալ ու բովանդակալից վեպերից մեկը:

  • Կյանքն այնքան թանկ չէ, որ նրա մասին հոգ տանես:
  • Ինչը լավ չի պահված, գողերը չեն կարող չթռցնել: Շատ բան իսկի պետքներն էլ չի, բայց էլի թռցնում են:
  • Ա՜խ այս Ասիան. ո’չ մարդկանց կարող ես վստահել, ո’չ գետակներին:
  • Այն, ինչ արտասովոր կերպով է սկսվել, նույն կերպով էլ պետք է վերջանա:
  • Մենք համարյա միշտ ներում ենք այն, ինչ հասկանում ենք:
  • Խոստովանում եմ` ես ուժեղ նախապաշարմունք ունեմ բոլոր կույրերի, միաչքանիների, խուլերի, համրերի, անոտ, անձեռ մարդկանց, սապատավորների և այլոց հանդեպ: Ես նկատել եմ, որ միշտ ինչ-որ տարօրինակ հակասություն կա մարդու արտաքինի և հոգու միջև. կարծես մարմնի որևէ անդամը կորցնելով՝ հոգին որևէ մի զգացմունք է կորցնում: Պեչորին
  • Նա չի ճանաչում մարդկանց և նրանց թույլ լարերը, որովհետև մի ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել է միայն ինքն իրենով:
  • Հարկավոր է ընդունել կանանց արդարացի լինելը. նրանք ունեն հոգեկան գեղեցկությունը ճանաչելու բնազդ: Պեչորին
  • Երկու բարեկամներից մեկը միշտ մյուսի ստրուկն է, թեպետ հաճախ նրանցից ոչ մեկն էլ այդ չի խոստովանում: Պեչորին
  • Առանց հիմարների աշխարհում շատ ձանձրալի կլիներ:
  • Ես երբեք ինքս բաց չեմ անում իմ գաղտնիքները, այլ անչափ սիրում եմ, որ գուշակեն, որովհետև այդպիսով միշտ կարող եմ առիթը եկած դեպքում ժխտել: Պեչորին
  • Օ՜, ինքնասիրություն, դու այն լծակն ես, որով Արքիմեդը կամենում էր երկրագունդը բարձրացնել…
  • Կանայք սիրում են միայն նրանց, ում չեն ճանաչում:
  • Դուք՝ տղամարդիկդ, չեք հասկանում հայացքի, ձեռք սեղմելու պատճառած հաճույքը… Իսկ ես, երդվում եմ քեզ, քո ձայնին ունկնդրելով՝ այնպիսի խոր, տարօրինակ երանություն եմ զգում, որ ամենաայրող համբույրները չեն կարող դրան փոխարինել: Վերա
  • Չարի գաղափարը չի կարող մարդու գլուխը մտնել առանց այն բանի, որ նա չցանկանա կիրառել այն իրականության նկատմամբ. գաղափարները օրգանական ստեղծվածքներ են. նրանց ծնունդն արդեն իսկ ձև է տալիս նրանց, և այդ ձևը գործողություն է. ում գլխում ավելի շատ գաղափարներ են ծնվում, նա ուրիշներից ավելի շատ է գործում: Պեչորին
  • Կրքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ իրենց առաջին զարգացման փուլն ապրող գաղափարներ:
  • Ես համեստ էի. ինձ մեղադրում էին խորամանկության մեջ, և ես ծածկամիտ դարձա… Ես պատրաստ էի ողջ աշխարհը սիրել. ինձ ոչ ոք չհասկացավ. և ես ատել սովորեցի… Ես ճշմարտություն էի ասում, ինձ չէին հավատում. սկսեցի խաբել հասարակությանը… : Պեչորին
  • Մենք ինքներս հաճախ ենք խաբում մեզ, կարծելով, թե կինը մեզ սիրում է մեր ֆիզիկական կամ բարոյական արժանիքների համար: Իհարկե, դրանք նախապատրաստում են, տրամադրում են նրա սիրտը` սրբազան կրակն ընդունելու, բայց, այնուամենայնիվ, առաջին շփումն է գործը վճռում: Պեչորին
  • Մտերիմներ, որոնք վաղն ինձ կմոռանան կամ, ավելի վատ, Աստված գիտե, ինչ չեղած բաներ կբարդեն, կանայք, որոնք ուրիշին գրկելիս կծիծաղեն ինձ վրա, որպեսզի նրանց մեջ խանդ չարթնացնեն դեպի հանգուցյալը (Աստված դրանց հետ): Պեչորին
  • Վաղուց է, ինչ ապրում եմ ոչ թե սրտով, այլ գլխով: Ես կշռում, քննում եմ սեփական զգացմունքներս ու վարմունքներս խստագին հետաքրքրությամբ, բայց առանց կարեկցության: Իմ մեջ երկու մարդ կա. մեկն ապրում է այս բառի լրիվ իմաստով, մյուսը խորհում և դատում է նրան: Պեչորին
  • Ես սիրում եմ թշնամիներին, թեպետ ոչ քրիստոնեաբար: Նրանք ինձ զվարճացնում են, գրգռում արյունս: Միշտ զգաստ լինել, որսալ ամեն հայացք, ամեն մի բառի նշանակություն, կռահել հակառակորդի մտադրությունը, քանդել դավադրությունները, խաբված ձևանալ և հանկարծ մի հարվածով խորտակել խորամանկություններից ու դիտավորություններից կառուցված ահագին և մեծ աշխատանքով ստեղծված ողջ շենքը,-ահա թե ինչն եմ կյանք անվանում: Պեչորին
  •  Զարմանալի մարդիկ են: Բոլորն էլ այնպես, վաղօրոք գիտեն վարմունքի բոլոր վատ կողմերը, օգնում, խորհուրդ են տալիս, մինչևիսկ հավանություն, ուրիշ միջոցի անհնարինությունը տեսնելով, իսկ հետո ձեռքերը լվանում են և զայրույթով երես դարձնում նրանից, ով համարձակություն է ունենում իր վրա վերցնելու պատասխանատվության ամբողջ ծանրությունը: Բոլորն էլ այդպես են, մինչևիսկ ամենաբարիները, ամենախելոքները…. : Պեչորին
  • Հաճախ մենք համոզման տեղ ենք ընդունում զգացմունքների խաբկանքը կամ բանականության վրիպումը: Պեչորին
  • Ես միշտ ավելի համարձակ եմ առաջ գնում, երբ չգիտեմ, թե ինչ է սպասվում: Չէ՞ որ մահից վատ ոչինչ չի պատահի, իսկ մահից չես խուսափի: Պեչորին

Պատրաստեց ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս