Պուտինը բարձր է գնահատել որոշումներ կայացնելու հարցում Թուրքիայի ինքնուրույնությունը

Թուրքական Anadolu լրատվական գործակալությանը գրավոր ձևով տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Թուրքիան հեռատես դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում և չի միացել դրանց:

Պուտինը ողջունել է, որ Թուրքիան մտադիր է մեծացնել մսի, կաթի, ձկնամթերքի, բանջարեղենի ու մրգերի արտահանումը Ռուսաստան. «Բարձր ենք գնահատում որոշումներ կայացնելու հարցում Թուրքիայի ինքնուրույնությունը, այդ թվում նաև Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության հարցերի շուրջ:

Թուրք գործընկերները չսկսեցին իրենց շահերը զոհաբերել հանուն օտարների քաղաքական հավակնությունների: Կարծում եմ, որ դա իսկապես մտածված ու հեռատես հաշվարկ է: Ձեր կառավարության դիրքորոշումը նոր հորիզոններ է բացում երկկողմ ապրանքաշրջանառության ընդլայնման համար»:

Պուտինը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանին ու Թուրքիային կհաջողվի ներդրումային համագործակցությունը հասցնել նոր մակարդակի վրա. «Մենք Ռեջեփ Էրդողանի հետ արդեն խոսել են, որ հեռանկարում ի զորու ենք ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 100 միլիարդ դոլարի նշաձողի»:

2013 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 32.7 միլիարդ դոլար: Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին ժամանելու է Թուրքիա:

Տեսանյութեր

Լրահոս