Ադրբեջանում կալանավորել են իրավապաշտպան Էլչին Նամազովին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում իրավապաշտպան Էլչին Նամազովին կալանավորել են 15 օրով: Նրան համապատասխան վարչական պատժի է դատապարտել Բաքվի շրջանային դատարաններից մեկը:
Այս մասին հայտարարել է իրավապաշտպանի եղբայր Աքրամ Նամազովը: Միևնույն ժամանակ Էլչին Նամազովի գրասենյակում իրականացվել է խուզարկություն և առգրավվել են փաստաթղթեր, այդ թվում նաև դատական նյութեր, որոնցում նա հանդես է եկել որպես պաշտպան:
Էլչին Նամազովին այժմ պահում են ՆԳՆ-ի՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում և չեն թույլատրում հանդիպել փաստաբանին: Այդ ամենը հիմք է տալիս կարծելու, որ իրավապահ մարմինները, ամենայն հավանականությամբ, պատրաստվում են վարչական պատժի ավարտից հետո քրեական մեղադրանք ներկայացնել նրա դեմ:
Էլչին Նամազովը նախկինում հանդիսացել է փաստաբան և պաշտպանել է նաև քաղաքական ակտիվիստների շահերը: