Ադրբեջանը պայքարում է, որ Ղարաբաղի հանրաքվեի հարցը ձևակերպի ինքը. Վարդան Խաչատրյան
Ադրբեջանի կողմից անընդհատ բարձրացվում է Շուշիի ենթաշրջանը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու խնդիրը, այնինչ մեզ մոտ նման բան գոյություն չունի: Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության կազմակերպած քննարկման ժամանակ։
«Մենք չենք ներկայացնում, որ Շահումյանը պատմական կոմպակտ և միայն հայերով բնակեցված տարածք է, որ այդպիսի տարաքները Ադրբեջանում մեկը չէին, երկուսը չէին, որ Բաքվի հայությունը մշակութային ինքնության, մշակութային շերտի ներկայացուցչություն է, որը չի կարող անտեսվել, անգամ եթե փորձեն հակակշռել գոյություն ունեցող Ադրբեջանում բնակչության և Հայաստանում ադրբեջանական բնակչության խնդիրները։ Դրանք նույնական խնդիրներ չեն, դրանք ծավալային առումով ևս համադրելի չեն»,- նշեց նա:
Վ. Խաչատրյանի խոսքով՝ թող ոչ մեկը չմտածի, որ եթե Բաքվի հայությունը, Շահումյանի հայությունը, այդ կոմպակտ բնակեցված տարածքների ժողովուրդը ճկուն է եղել, կարողացել է իր տեղը գտնել աշխարհով մեկ, այդ մարդիկ ողբերգություն չեն ապրում հենց այն պատճառով, որ սեփական ինքնությունից ունեցվածքից, մշակութային շերտից արմատապես զատվել են և այսօր հայտնվել են աստիճանական ասիմիլյացիայի ալիքի ներքո. «Գտնում ենք, որ եթե ինչ որ ընդդիմության ներկայացուցիչ էլ հանկարծ սատարում է այս սկզբունքներին, որով ուղղակի հանձնում է հայ ժողովրդի օրինական պահանջները և իրավունքները, ապա այդ մարդիկ այնուամենայիվ թող 10 անգամ մտածեն և նոր մեկ անգամ մի բառ ասեն, կամ հիշեն, որ նայելու են այդ մարդկանց և նրանց երեխաների աչքերի մեջ, ովքեր զրկված են սեփական հայրենիքից, զրկված են իրենց մշակութային շերտից: Եվ թվում է՝ այսօր մենք համաձայն ենք 10 տարվա ընթացքում Ղարաբաղում անցկացնել հանրաքվե, Լաչինի գոտու տարածքը հանրաքվեով որոշենք, թե ինչպիսի պատկանելություն է ունենալու, վերջին հաշվով սրա կողքին ունենանք անհապաղ իրականացվող լայն վերահայրենաբնակեցման ադրբեջանական ծրագիր, որտեղ պետք է վերադարձվեն ազատագրված տարածքները, որտեղ պետք է ադրբեջանցիները գան և հաստատվեն Շուշիում և դրանից հետո միայն, միգուցե տեսանելի, բայց ոչ մոտակա ապագայում դրվի խնդիրը, թե ինչ է լինելու Ղարաբաղի հայերի կարգավիճակը, և որևէ կերպ չշոշափվի այս գործընթացից դուրս մնացած հայերի ճակատագիրը, որոնք կոմպակտ բնակեցված տարածքների մշակութային կրողները և տեղաբնիկներ են»:
Վ.Խաչատրյանը ավելացրեց, որ խնդիր է նաև այն հարցը, թե ով պետք է ձևակերպի հանրաքվեի հարցը. «Այս առումով Ադրբեջանը պայքարում է, որ Ղարաբաղի հանրաքվեի հարցը ձևակերպի ինքը: Դուք պատկերացնո՞ւմ եք ինչի մասին է խոսքը գնում, իսկ այս հարցի մասին որևէ խոսակցություն մեզ մոտ չկա»: