Եվրամիությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը. Շավարշ Քոչարյան

Եվրամիությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում է համագործակցությունը ԵՄ հետ՝ ակտիվ մասնակցություն ունենալով Արևելյան հարևանության գործընկերության շրջանակում և մեկ տասնյակից ավելի հանժնաժողովներում: Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգանում են տարբեր ուղղություններով՝ մարդու իրավունքների խրախուսման, ԵՄ ծրագրերին միանալու արձանագրությունն ուժի մեջ է մտնել այս տարի մարտից և անցած տարի Վիլնյուսյան գագաթնաժողովում ընդունված համատեղ հայտարարության մեջ կողմերը համաձայնել են հարաբերությունները կարգավորող իրավական նոր ծրագիր մշակել: Շ.Քոչարյանը նշեց, որ ապագայում տեղի կունենան խորհրդակցություններ ԵՄ հետ, դրան կհաջորդեն նաև քաղաքական խորհրդակցություններ:

«ԵՏՄ լույսի ներքո Հայաստանը շահագրգիռ է շարունակել և խորացնել ԵՄ հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով այն պարտավորությունները, որ ունենք ԵՏՄ հետ և այն ուղղություններով, որ չեն հակասում ԵՏՄ-ին, կշարունակենք համագործակցությունը»,- ասաց Շ.Քոչարյանը::

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարեցրեց, թե ո՞ր ուղղություններով չենք շարունակելու գործակցությունը ԵՄ հետ, որ նախկինում կար:

«Դրա պատասխանը հիմա նոր կարող է տրվել, քանի որ մենք նոր ենք ստորագրել ԵՏՄ պայմանագիրը, որը դեռ ուժի մեջ չի մտել, բայց տեքստը կա»,- ասաց Քոչարյանն ու նշեց, որ պայմանագիրը 1500 էջ է, մասնագետները կարող են ուսումնասիրել և ասել՝ այս գծից այն կողմ չի կարող: Փոխնախարարը կրկնեց, որ ՀՀ-ն կարող է կապող օղակ դառնալ ԵՏՄ և ԵՄ միջև, մասնավորապես GSP+ համակարգի շնորհիվ:

Տեսանյութեր

Լրահոս