«Ազատության հրապարակից շարժումը պետք է ընդգրկի ամբողջ երկիրը». Ստեփան Մարգարյան

«Անձավորված պայքար որևէ մեկը եռյակում չի մղում, եռյակում այդպիսի տեսակետ, տրամադրություն չկա, մենք մղում ենք պայքար հանուն համակարգի»,- պատասխանելով հարցին՝ արդյոք այն, որ Գագիկ Ծառուկյանը իր ելույթում ակնարկեց, որ խոսքն առաջին հերթին խորհրդարանական արտահերթ ընտրությունների հասնելու մասին, է, բացատրվո՞ւմ է նրանով, որ նա չի ցանկանում անձնավորված պայքար մղել Սերժ Սարգսյանի դեմ՝ պահանջելով նրա հրաժարականը՝ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նաև հավելեց, որ այլ բան է, թե ինչպիսի ձևերով են իրենք պատկերացնում այդ պայքարը, և այդ ձևերը դեռ քննարկվելու են և կարող են փոփոխվել. «Այն տեսակետը, որ երկրին անհրաժեշտ է ընդհանուր իշխանափոխություն, սրա համաձայնությունը եռյակը ունի, այստեղ փոփոխություն չկա: Ինչպիսի՞ տակտիկայով, հերթականությամբ, հաջորդական պահանջներով դա կլինի, նույնիսկ ամբողջը չի էլ հայտարարվի, որովհետև ամբողջ տակտիկայի մասին չէ, որ բարձրաձայն կարելի է հայտարարել»:

Հարցին՝ չկա՞ որոշում, որ գնում եք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Ս. Մարգարյանը պատասխանեց, թե իրենց առաջնահերթ խնդիրը հետևյալն է. «Ձևավորել շատ արագ այդ տարածքային կառույցները, մենք սա շատ ենք կարևորում, և սա իսկապես շատ կարևոր է: Ազատության հրապարակից շարժումը պետք է ընդգրկի ամբողջ երկիրը: Ամենուրեք տարածվելու պարագայում է միայն հնարավոր իշխանություններին պարտադրել անելու այդ քայլերը: Դրան զուգահեռ մենք գնալու ենք նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությանը: Այն պետք է մեզ բոլոր պարագայում: Սա որևէ կապ չունի Սահմանադրության հետ»:

Տեսանյութեր

Լրահոս