ԱՄՆ-ում արգելել են արջերի հետ սելֆի անելը
TechTimes-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի անտառների պահպանման ծառայությունն արգելք է դրել արջերի հետ սելֆի անելը: Սահմանափակումները մտցվել են այն բանից հետո, ինչ Կալիֆորնիայի Տախո լճի շրջանում հաճախակիացել են սև արջերի հետ լուսանկարվելու փորձերը:
«Տախո լիճ» զբոսաշրջային պարկի աշխատակից Լիզա Հերոնը հայտարարել է, որ վերջին շրջանում գնալով ավելի շատ մարդիկ են փորձում սելֆի անել արջերի ֆոնին. «Մի անգամ ես տեսա, թե ինչպես է միանգամից 30 մարդ փորձում լուսանկարվել արջի հետ: Ես շատ էի մտահոգվել»:
ԱՄՆ-ի Անտառների պահպանման ծառայության աշխատակիցները կարծում են, որ սելֆի անելու շուրջ իրավիճակը բավական լուրջ է՝ թեև դեռ չեն գրանցվել մարդկանց վրա արջերի հարձակման դեպքեր: Սև արջը համարվում է հարաբերականորեն բարեհոգի գազան: Ի տարբերություն գորշ արջի՝ նա խուսափում է մարդկանց հետ հանդիպելուց: