Իշխանությանը չեն կարող որևէ բան պարտադրել, որովհետև սա այն իշխանությունը չէ, որ ինչ-որ պարտադրանքի լեզվով խոսեն հետը. Սուքիաս Ավետիսյան
ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով ներքաղաքական վերջին զարգացումների և գործընթացների մասին, ասաց, որ կա որոշ քաղաքական ուժերի համախմբվածություն, քաղաքական ուժերը հանդես են գալիս կոնկրետ հարցադրումներով (մայիս ամսից առաջադրված 12 կետեր, ԱԺ վերջին նիստի ժամանակ ներկայացված լրացուցիչ ևս 2 առաջարկություն. մեկը՝ հայտարարության, մյուսը՝ նախագծի տեսքով):
«Կան որոշակի խնդիրներ, որոնք դառնում են բողոքի առարկաներ, և մարդիկ դուրս են գալիս միտինգների, ցույցերի, որպեսզի կարողանան այդ քաղաքական ուժերի հետ համատեղ այդ խնդիրները բարձրաձայնել: Առաջին հերթին սոցիալական խնդիրն է, նաև կան որոշակի անվստահության տարրեր և՛ իշխանության, և՛ պետական այլ ինստիտուտների նկատմամբ, որը պետք է օբյեկտիվորեն կարողանանք ընդունել»,- ասաց նա:
Նա նշեց, որ եռյակի վերջին երկու առաջարկներն ընդամենն արդեն ներկայացված 12 կետերից բխող խնդիրներ են, և, որ երկուսն էլ ժամանակավրեպ են: «Հաշվի առնելով նախորդ ընտրությունները՝ գրել են մի երկու բառ, նաև իշխանության լեգիտիմությունն են շահարկել: Մենք ասել ենք՝ եթե լեգիտիմ չենք, ապա ինչո՞ւ եք դուք այսօր համագործակցում, իշխանության մաս կազմում, որոշ պաշտոններ ունեք, ԱԺ-ում մասնակցում եք բոլոր քննարկումներին: Պետք չէ դա այլևս շահարկել: Եթե մենք խնդիր ունենք Ընտրական օրենսգրքի հետ կապված, ուրեմն պետք են կոնկրետ հոդվածներ, կոնկրետ առաջարկություններ, այլ ոչ թե ընդհանուր մի բան ասեն»,- նկատեց նա:
Անդրադառնալով եռյակի հանրահավաքներին՝ նա ասաց, որ ժողովրդավարության ամենացայտուն արտահայտումն է, որ կարողանում են հանգիստ հանրահավաքներ անցկացնել, որոնք, ըստ նրա՝ երևի շարունակական կլինեն: «Թող առարկայական, ողջամիտ տարբերակներ առաջարկեն ու քննարկումները տեղափոխեն ԱԺ, մենք պատրաստ ենք քննարկումներ անել: Իսկ իշխանափոխություն կարող է լինել միայն Սահմանադրությամբ և համապատասխան Ընտրական օրենսգրքով ամրագրված պայմաններով:
Ի՞նչ է նշանակում՝ իշխանությանը պարտադրել: Իշխանությանը չեն կարող որևէ բան պարտադրել, որովհետև սա այն իշխանությունը չէ, որ ինչ-որ պարտադրանքի լեզվով խոսեն հետը: Իսկ եթե ուզում են իշխանության գալ, ապա երկու տարի հետո կսկսվեն ընտրությունները, թող փորձեն արդյունքի հասնել, իսկ պարտադրանքի լեզվով խոսելն անընդունելի է մեզ համար: Ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ իշխանությունը, ո՛չ ՀՀԿ-ն երբևիցե որևէ մեկի պարտադրանքին ականջալուր չեն լինելու, այսինքն՝ մենք պատրաստ ենք ցանկացած տիպի երկխոսության»,- ասաց նա:
Սուքիաս Ավետիսյանը նկատեց, որ եռյակի երկրորդ հանրահավաքն ավելի բազմամարդ էր, որովհետև քաղաքական ուժերը գործի էին դրել իրենց բոլոր միջոցները՝ մարդկանց հանրահավաքի բերելու: Իսկ որևէ մեկի ելույթին անդրադառնալ չցանկացավ, որովհետև լուրջ չհամարեց, երբ այդքան մարդու հավաքում են ու անեկդոտ պատմում (նկատի ուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը.- Ռ.Մ.)
Ռազմիկ Մարտիրոսյան