Բաժիններ՝

140 մլն դրամանոց «մանրուքներ»

Լրատվական կայքերը երեկ ուրախալի լուր հայտնեցին` երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձն այսուհետև կվճարի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Ինչպես նշվում էր տարածվող հաղորդագրություններում, հոկտեմբերի 24-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր են հանձնվել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի կրթական ծրագրում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողներին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ այս ուսումնական տարվանից սկսած` երկու և ավելի զավակ ունեցող ուսանողների ուսման վարձերի խնդիրն ուսումնառության ամբողջ ընթացքում լուծվելու է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։

«Այս ծրագիրը Հայաստանում երիտասարդ ընտանիքներին աջակցության քաղաքականության շրջանակներում է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը միշտ ուսանողների կողքին է, այն ուսանողների, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, սոցիալական որոշակի խնդիրներ, երկու և ավելի երեխաներ։ Ծրագիրը շարունակական է, և հիմնադրամի ցանկությունն է, որպեսզի մեր երիտասարդները կրթություն ստանալու ճանապարհին որևէ խոչընդոտ չունենան»,- նշել է Կարեն Ավագյանը։ Հընթացս հիշեցնենք, որ Կարեն Ավագյանը նաև ՀՀ ԱԺ պատգամավոր է` ՀՀԿ խմբակցությունից, և ՀՀԿ երիտասարդական միության նախագահը։

Թվում է` ի՞նչ վատ բան է եղել։ Նման ուրախ ու բարի լուրեր քիչ են պատահում։ Սակայն, որքան էլ ցավալի է, այս ամենը անկեղծ չէ։ Իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք, այս ամենի մեջ ամենաանկեղծ բառը «միջոցովն» է։ Որովհետև ուսանող-ծնողներին օգնություն ցուցաբերվում է ոչ թե ՀԵՀ-ի կողմից, այլ ՀԵՀ-ի միջոցով։ Պարզ ասած, ուսման վարձը հիմնադրամը չի վճարում։ Վճարում են ուրիշները։
Շատերը կասեն` շատ նորմալ է։ Չէ՞ որ հիմնադրամի տրամաբանությունը հենց դա է` միջոցներ հավաքել կամ հանգանակել տարբեր աղբյուրներից` օրենքով չարգելված մեթոդներով, և ուղղել այդ միջոցները կոնկրետ խնդիրների լուծմանը։

Այդպես է անում, օրինակ, Հայաստան համահայկական հիմնադրամը։ Այդպես են վարվում ամենատարբեր հասարակական կազմակերպությունները, որոնք դրամաշնորհներ են ստանում տարբեր աղբյուրներից և տարբեր ծրագրեր իրականացնում (թեպետ նրանց ընդունված է համարել գրանտակերներ)։ Իսկ ի՞նչ է անում ՀԵՀ-ը։ Փողը ստանում է պարզապես ՀՀ պետական բյուջեից։
Օրինակ, կոնկրետ ուսանողների կրթաթոշակ տրամադրելու համար ընդամենը 1 շաբաթ առաջ Կարեն Ավագյանի ղեկավարած այս կառույցը բյուջեի պահուստային ֆոնդից ստացավ 140 միլիոն դրամ։
Ստորև ներկայացնում ենք ՀՀ կառավարության որոշումը, որն ընդունվել է ՀՀ կառավարության` հոկտեմբերի 16-ի նիստում։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. 2014 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 140000,0 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով` Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա սույն որոշման 2-րդ կետով հատկացված 140000.0 հազար դրամը տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Հիմա պա՞րզ է։ Ուսանողների կրթաթոշակ վճարում է ոչ թե Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, այլ մենք բոլորս` հարկատուներս։ Պարզապես մամուլի հաղորդագրություններում և լուրերի վերնագրերում շրջանառվում է ՀԵՀ-ը` Կարեն Ավագյանի լայնաժպիտ լուսանկարի համատեքստում։
Իհարկե, մեծ հաշվով սա լուրջ թեմա չէ։ Կարևորը` օգնությունը հասնի հասցեատերերին։ Միակ «մանրուքն» այն է, որ պետական միջոցները ծառայեցվում են ՀԵՀ-ի, ասել է թե` Հայաստանի հանրապետական կուսակցության երիտթևի PR-ին։ Անգամ այն նույն գրանտակերները, որոնց մասին ամեն առիթով հիշում են
ՀՀԿ-ականները, իրենց ծրագրերում հիշատակում են իրական ֆինանսավորողին։ Բայց ոչ այս դեպքում։

Ի դեպ, առիթն օգտագործելով` փորձեցինք աչքի անցկացնել ՀԵՀ-ի հաշվետվությունը` պարզելու համար, թե այս հիմնադրամը որքան ֆինանսավորում է ստացել և ինչ աղբյուրներից։ Սակայն Azdarar.am կայքում տեղադրված 2 էջանոց անհասկանալի փաստաթուղթը (աուդիտորի կողմից հաստատված) այդ հարցի պատասխանը չտվեց։

«Ֆինանսավորման աղբյուրները» կոչվող բաժնում ընդամենը նշված է, որ ֆինանսավորել են թվով 20 իրավաբանական անձինք։ 2013թ. ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է 606.6 միլիոն դրամ (շուրջ 1.5 միլիոն դոլար)։ Այլ տեղեկատվություն աղբյուրների մասով` չկա։

Փոխարենը կան մեկ-երկու հետաքրքիր մանրուքներ։ Օրինակ` այն, որ հիմնադրամն ունի բավականին պատկառելի աշխատակազմ` 123 հոգի։ Ինչպես նաև այն, որ աշխատակազմի վարձատրությանն ուղղվել է 124.7 միլիոն դրամ։ Դա կազմում է ամսական միջինը 85 հազար դրամ։ Փոխարենը` հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը բավականին բարձր է վարձատրվում։ Տարեկան աշխատավարձի տեսքով ստացել է 5 միլիոն 331 հազար դրամ (ներառյալ` հարկերը)։ Ամսվա կտրվածքով` դա կազմում է 440 հազար դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս