Ա.Մանուկյանը դիմեց միջազգային կառույցներին ու դեսպանատներին՝ կոչ անելով ճշգրիտ ինֆորմացիա տալ

«Այսօր ՀՀ ազատատենչ ժողովուրդը հայտ է ներկայացնում աշխարհի բոլոր երկրներին ու ՀՀ իշխանություններին, որ ինքը գալիս է իշխանության, գալիս է ժողովրդի կամքով ու իրականացնում է Սահմանադրության կետը, որն ասում է ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- այսօր Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ անցած հանրահավաքի ժամանակ 100 հազարից ավելի մարդիկ օնլայն դիտում էին հանրահավաքը: Ա.Մանուկյանը դիմեց միջազգային կառույցներին ու դեսպանատներին՝ կոչ անելով ճշգրիտ ինֆորմացիա տալ կատարվողի մասին: Մանուկյանը դիմեց նաև մտավորականությանը և ուսանողներին՝ նշելով, որ ոչինչ անել չեն կարող, գիտությունը մեռած է, իշխանությունն՝ ամորձատված. «Թոթափեք վախը, կոչումներ ստանալու մղումը, կոչումները ժողովուրդն է տալու: Այստեղ է հայ ժողովրդի լավագույն մասը, ըմբոստ, հաղթանակ սիրող, հայ ժողովրդի պատմություն կերտող մասը, եկե´ք, միացե´ք այս ժողովրդին»:

Մանուկյանը դիմեց նաև բոլոր սոցցանցերի, բազմոցային, ֆեյսբուքային, սրճարանային ընդդիմադիրներին՝ «միացե´ք, որ մտահոգությունը գործ դառնա», դիմեց սփյուռքի ժողովրդին՝ «եկեք, տեր կանգնեք էս երկրին, հատկապես գնացածները, տեր կանգնեք շարժմանը»:

«Հայաստանի այս շարժումը անշրջելի է: Մենք այնքան դմբո չենք որ այս շարժումը ետ կանգնի,- ասաց Մանուկյանն ու հավելեց,- Իմ հավատը այս ժողովուդն է, իմ եկեղեցին՝ Ազատության հրապարակը»:

Տեսանյութեր

Լրահոս