Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ տեսագրիչում առկա կոշտ սկավառակը գտնվել է անսարք վիճակո՞ւմ

Վարդանանց փողոցի 18/2 շենքի հատվածում, որտեղ մայիսի 17-ին կրակոցներ էին հնչել, տեսագրող սարք է հայտնաբերվել, սակայն պահպանված տեսագրություններ չեն հայտնաբերվել: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման` հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: «Ձեր կողմից հիշատակված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 17.05.2014թ. հարուցված և քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում նույն օրը կատարված անհետաձգելի քննչական գործողությունների՝ դեպքի վայրի զննության ընթացքում Երևանի Վարդանանց 18/2 շենքի հատվածում հայտնաբերվել են տեսանկարահանման համար նախատեսված սարքեր՝ «ԴիՎիԱռ» և ՅուՊիես»:

Դրանք, որոնք անմիջապես առգրավվել են, նշանակվել է համակարգչատեխնիկական և հետքաբանական փորձաքննություն: Կատարված փորձաքննությամբ պարզվել է, որ նշված թվային տեսագրիչում առկա կոշտ սկավառակը գտնվել է անսարք վիճակում, ուստի դրանում պահպանված տեսագրություններ չեն հայտնաբերվել»,- նշված է ՀՀ քննչական կոմիտեի պատասխանում:

Նշենք, որ այս գործի նախաքննությունն ավարտվել է, սակայն մեղադրական եզրակացությունը դեռևս հաստատված չէ, քրեական գործը չի ուղարկվել դատարան: Այս մասին երեկ մեզ հայտնեց հարուցված քրեական գործով ամբաստանյալ Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

Նրա խոսքով՝ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո իրենց կողմից նախաքննական մարմնին միջնորդություններ չեն ներկայացվել: «Նյութերին ծանոթացել ենք, մեր կողմից միջնորդություններ չեն եղել, տակտիկապես այդպես ենք որոշել: Իմ պաշտպանյալի դրքորոշումն է եղել, որ այս փուլում որևէ միջնորդություն չներկայացվի»,- ասաց Վարդուհի Էլբակյանը: Պատասխանելով հարցին՝ ինչպես է գնահատում քրեական գործի նախաքննության ընթացքը, փաստաբանն ասաց. «Այս պահին ձեռնպահ կմնամ որևէ հայտարարություն անելուց: Դա նույնպես իմ պաշտպանյալի դիրքորոշումն է, բայց որպես պաշտպան` նույն կարծիքին եմ, ինչ հայտարարել եմ ի սկզբանե: Նյութերին ծանոթանալուց հետո համոզմունքս է՛լ ավելի հիմնավորվեց, որ պաշտպանյալիս արարքում չկա այն մեղադրանքը, ինչը նրան առաջադրված է»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Ն. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից խուլիգանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ). այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Վ. Էլբակյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ներսես Մելքոնյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվել է երեք անձ՝ Գոռ Առաքելյանը, Ներսես Մելքոնյանն ու Վալերիկ Հովհաննիսյանը: Վերջին երկուսին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար, իսկ Գոռ Առաքելյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ սպանության փորձ, ապօրինի զենք-ռազմամթերք պահել, երկու և ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր, մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետեր, 235-րդ հոդվածի 1-ին մաս, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետեր, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետեր): Նրա պաշտպանը, սակայն, համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ. նա պնդում է, որ իր պաշտպանյալը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Վերջին երկու հոդվածներով Գոռ Առաքելյանին մեղադրանք առաջադրվել է հոկտեմբերի 1-ին: Քրեական գործով երեք մեղադրայալներն էլ գտնվում են կալանքի տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս