Բաժիններ՝

«Եվրոպան իր խնդիրները թողած, չի սկսի մտածել՝ Հայաստանը մեր կողմի՞ց է, թե՞ Ռուսաստանի»

Asparez.am-ը հարցազրույց է վարել  ՀՀԿ անդամ, լրագրող Սամվել Աղանյանի հետ

-Վերջին շրջանում տարաբեւեռ կարծիքներ են հնչում այն մասին, թե ի՞նչ կտա Հայաստանին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը: Հնչում են ինչպես բացասական, այնպես էլ դրական կարծիքներ: ՀՀԿ-ն գտնում է, որ դա զուտ դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա: Դուք, որպես ՀՀԿ անդամ, ինչպե՞ս կարձագանքեիք Ձեր ընդդիմախոսներին:

-Ընդդիմության դերն առհասարակ այն է, որ իշխանությունների թերությունները բացահայտի եւ կառուցողական առաջարկներով հանդես գա: Իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է լսենք ընդդիմության կարծիքը եւ, եթե անգամ չընդունենք դրանք, պետք է, համենայն դեպս, անհրաժեշտ եզրակացություններ անենք: Բայց ասեմ, թե ինչով է արդարացված ԵՏՄ-ին մեր անդամակցությունը: Դա մի կառույց է, որի մեջ մտնում են խորհրդային մի քանի հանրապետություններ: Այդ երկրների հետ մենք ոչ թե նոր կապեր կամ հարաբերություններ ենք կառուցում, այլ՝ այդ կապերն ընդամենը նորոգում ենք: Նախկինում մեր հարաբերություններն այլ հարթության վրա էին, այժմ դրանք անկախ են, ունեն իրենց կոնյուկտուրաները, իրենց քաղաքական նկրտումները, իրենց տնտեսությունը, եւ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ ԵՏՄ-ից առավելագույն օգուտ քաղենք: Ես կարծում եմ, որ այսօր դա հնարավոր է: Պետք է հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ ՌԴ-ն հանդիսանում է մեր ստրատեգիական գործընկերը եւ Թուրքիայի հետ մեր սահմանը ռուսական զորքերն են պաշտպանում ու, եթե մի օր Թուրքիան եւ Ադրբեջանը որոշեն համատեղ հարձակվել մեզ վրա, ինչը ես չեմ բացառում, ո՞վ է մեր սահմանները պաշտպանելու: Այսինքն՝ ԵՏՄ-ն ոչ թե նոր կառույց է, որի մեջ ենք մտնում, այլ մի կառույց է, որի անդամների հետ մենք տարիներով տարբեր ոլորտներում կապի եւ համագործակցության մեջ ենք եղել:

-Իսկ Եվրոպայի հետ մեր ստեղծած կապերի հեռանկարն այս դեպքում ինչպե՞ս է լինելու:

-ԵՏՄ-ին անդամակցությունը չի նշանակում, թե մենք Եվրոպայից հեռանում ենք: Բայց մի պատմական իրողություն, այնուամենայնիվ, ուզում եմ նշել: 1915 թվականի Հայոց Եղեռնը ինչպե՞ս տեղի ունեցավ: Այն տեղի ունեցավ եվրոպական երկրների հանցավոր անտարբերության պայմաններում, ռուսները մի քիչ ուշացած եկան, եւ բոլորն ասացին, թե տեսեք՝ ռուսներն ուշացած եկան: Այսօր չի կարելի մոռանալ այդ պատմական նրբերանգները: Ռուսաստանը եղել ու կլինի մեր ստատեգիական գործընկերը եւ եղբայր պետությունը, անկախ նրանից, թե ընդդիմությունն ուզու՞մ է դա, թե՞ ոչ: Անկախ նրանից՝ երկրի նախագահը Սերժ Սարգսյա՞նն է, թե՞ մեկ ուրիշը: ԵՏՄ մտնելն այնքան սարսափելի չէ, ինչպես փորձում է ներկայացնել ընդդիմությունը: Մտնելով ԵՏՄ, մենք միայն օգուտ կքաղենք:

-Իսկ ի թիվս օգուտների, որոնք կասկածի տակ են առնում ընդդիմախոսները, Դուք, մասնավորապես որո՞նք կնշեիք:

-Առաջինը՝ Հայաստանի ապրանքների արտահանման շուկան: Ինքներդ դատեք, մեր ապրանքները ավելի լավ կիրացվեն ԱՊՀ երկրներու՞մ, թե՞ Եվրոպայում: Թեկուզ՝ հեռավորության առումով: Այսօր դա մեզ համար կենսական նշանակություն ունի: Մենք գտնվում ենք մեր հարեւան երկու երկրների կողմից շրջափակման մեջ եւ այսպիսի պայմաններում, օդից վերցնելով ասենք, թե Եվրոպայի հետ մեր համագործակցությունը շատ բան կարող է տալ, դժվար է: Թեեւ լիովին չեմ բացառում դա: Բայց մեզ համար առավել կարեւոր է ԵՏՄ-ին անդամակցելը: Ես չեմ ասում, թե Եվրոպայի հետ ընդհանրապես պետք է կապերը խզել, մենք դրա իրավունքն էլ չունենք, վաղ, թե ուշ, միեւնույն է, մենք կդառնանք եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ:

-Բայց այսպիսի մի տենդենց է առկա՝ եւ Եվրոպան, եւ Ռուսաստանը ցանկանում են, որ Հայաստանը իր հավատարմությունն ամրագրի իրենց հետ փոխհարաբերություններում: Բայց, եթե Հայաստանը միաբեւեռ ուղի է ընտրում այս հարցում, ապա այդ դեպքում, ըստ Ձեզ, Եվրոպան ինչպիսի՞ դիրքորոշում կորդեգրի մեր երկրի հանդեպ:

-Այսօր եվրոպական երկրների միջեւ էլ կան բազմաթիվ խութեր, դեռեւս չլուծված խնդիրներ, ես չեմ կարծում, թե իր տարածքով Հայաստանն այնպիսի կարեւորագույն օղակ է այդ հարաբերություններում, որ եվրոպական երկրներն իրենց կարեւորագույն խնդիրները թողած, սկսեն մտածել՝ Հայաստանը մեր կողմի՞ց է, թե՞ Ռուսաստանի: Այո, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը շատ կարեւոր է տարածաշրջանում, եւ այստեղ շատ կարեւոր է, թե յուրաքանչյուր եվրոպական երկիր ինչպիսի՞ անհատական մոտեցում հանդես կբերի Հայաստանի նկատմամբ: Դուք գիտեք, թե ինչպիսին են մեր հարաբերությունները Ֆրանսիայի, Հունաստանի հետ, կամաց-կամաց ջերմանում են մեր հարաբերությունները Բալկանների հետ, Սերբիայի նախագահն էր՝ վերջերս այցելեց մեր երկիր: Եւ հետո, չմոռանանք, թե ինչ է ասել Ուինստոն Չերչիլը՝ «Մենք չունենք հաստատուն բարեկամներ, մենք ունենք հաստատուն շահեր», իսկ այսօրվա մեր շահերը բխում են ԵՏՄ-ին անդամակցելուց:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս