«Իշխանափոխությունը հենց այն ճանապարհն է, որը Շանթ Հարությունյանին և մյուսներին շուտափույթ ազատման հնարավորություն կտա»
«Խիստ բացասական եմ վերաբերում այդ դատավճռին, Հայաստանի դե ֆակտո իշխանությունները որևէ ցանկություն չունեն Ադրբեջանից ետ մնալու և փորձում են Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելացնել»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի մասին:
Հիշեցնենք, որ երեկ հրապարակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճիռը, դատարանը նրանց դատապարտեց 4-7 տարվա ազատազրկման:
Ա. Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Շանթ Հարությունյանը և իր ընկերները մեր հասարակության ազնվագույն, ջինջ, մաքուր և պարզ հատվածն են, որոնք պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար, և նրանց դատապարտելը՝ բացի քաղաքական հետապնդումից, այլ գնահատական չի կարող ունենալ.
«Իշխանությունների վարքականոնն այլևս դարձել է ծայրահեղ վտանգավոր Հայաստանի համար, որովհետև իրենց գործունեությունը գտնվում է հենց այդ շրջակայքում՝ Շանթ Հարությունյանին իր ընկերների հետ դատապարտելով և Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակելով: Պարզ է, որ այդպիսի ֆեոդալացող Հայաստանը որևէ ապագա չի ունենալու և արտագաղթի այն տեմպերը, որ կան, ավելի են ահագնանալու»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:
Դատապատելով իշխանությունների նմանատիպ վարքագիծը՝ Ա. Մարտիրոսյանը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, քաղաքական գործիչներին, քաղաքական ուժերին, ովքեր կողմ են Շանթ Հարությունյանի շուտափույթ ազատմանը, պայքարեն միասին իշխանափոխության համար, օր առաջ իշխանափոխությունն իրականացնեն, որպեսզի Շանթ Հարությունյանը և իր ընկերները նորից լինեն ազատության մեջ.
«Որովհետև այս իշխանությունները որևէ կերպ չեն պատրաստվում նույնիսկ բարոյական դաշտում գտնվող քայլեր կատարել, ինչի մասին է խոսում, օրինակ, Շանթի որդուն 4 տարի պայմանական ազատազրկման դատապարտելը, որովեհտև նույնիսկ պայմանական, բայց դա որոշակիորեն դատավճիռ է, այն դեպքում, որ ցանկանած հայ տղամարդ, մայր, ցանկացած հայ ծնող կերազեր, որ այդպիսի զավակ ունենա, որ իր կողքին կանգնած իրեն կպաշտպաներ:
Սա բարոյական, իրավական բոլոր օրենքներում տեղավորվող գործողություն է եղել իր որդու կողմից, առավել ևս՝ որևէ մեկը դրա արդյուքնում ինչ-որ ծանր վնասվածք չի կրել, ուստի՝ նմանատիպ վարքագիծը իր որդու նկատմամբ միանշանակ մեղադրելի է: Ես չեմ կարծում, որ իշխանություններն ունեին հիմքերը՝ նմանատիպ դատ կազմակերպելու և, ընդհանրապես՝ նրանց ազատությունից թեկուզ մեկ ժամ զրկելու»:
Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ նոյմեբերի 5-ին Շանթ Հարությունյանի գործողությունները նաև անզորության ճիչ էին, բայց մյուս կողմից՝ պայքարի ճիչ էր, որպեսզի իրավիճակը փոխվի. «Ես մտավախություն ունեմ, որ եթե մենք կարճ ժամանակահատվածում չկարողանանք ներքին խնդիրները լուծել, երկրում օրինական իշխանություն հաստատել, իրավիճակ փոփոխել, կառավարման համակարգում, մարդկանց հարաբերություններում, ապա մենք ունենք 2 ճանապարհ՝ կամ մենք ավելի մեծ իրադարձությունների ականատես կլինենք, կամ ավելի վատթար, մասսայական արտագաղթ կլինի, ու հաջորդ ընտրություններին Սերժ Սարգսյանն իր Հանրապետական կուսակցությունով ինչ թիվ ուզի՝ կարող է խփել, ու, վերջապես, Հայաստանում քվեարկած քաղաքացիների թիվն, ըստ ցուցակների՝ ավելին կլինի, քան Հայաստանում գտնվող քաղաքացներն են»:
Ա. Մարտիրոսյանի կարծիքով՝ իշխանափոխության խնդիրը, որը եռյակն իր առջև դրել է, հենց այն ճանապարհն է, որը Շանթ Հարությունյանին և իր հետ դատապարտված մյուս քաղբանտարկյալներին շուտափույթ ազատման հնարավորություն կտա. «Շանթ Հարությունյանը այսօրվա անօրինական իշխանության հետևանքներից մեկն է՝ ինչպես փակ տնտեսական համակարգը, փակ քաղաքական համակարգը, ինչպես և կարմիր գծերը, քաղաքացիների նկատմամբ անօրինական վճիռները»: