Ա. Բախշյանը՝ Շ. Հարությունյանի և մյուսների դատավճռի մասին. Իշխանությունն իր այս զոռբայությամբ մինչև ո՞ւր պետք է գնա, այս վիճակը պայթելու է

«Նորից հերթական անգամ այնքան ցավեց սիրտս, հոգիս, որ, ազնիվ խոսք, բառեր չեմ գտնում այպանելու համար այդ դատավորին, այդ դատավարությունը, այդ հեռախոսային արդարադատությունը»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով կայացված վճռի մասին:

Հիշեցնենք, որ երեկ հրապարակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճիռը, նրանց դատապարտեցին 4-7 տարվա ազատազրկման:

Ա. Բախշյանը հիշեցրեց, որ դեռևս 2008 թվականին իր նախընտրական ծրագրում Սերժ Սարգսյանն ասում էր, որ պետք է վերջ տալ հեռախոսային արդարադատությանը.

«Հիմա հերթական անգամ ապացուցվեց, որ գործում է հեռախոսային արդարադատությունը, և այդ դատավարությունը հերթական ապտակն էր մեր հասարակությանը, որի հակազդեցությունը պետք է լինի հասարակության միջուկի ավելի լարվելը, իսկ երբ զսպանակի միջուկը չափից ավելի լարվում է, այն չի կարող այդպես մնալ:

Կարդացեք նաև

Սա ոչ կայուն վիճակ է, այն պայթելու է, և առաջին հերթին այդ պայթյունից այս իշխանությունը հաստատ իր աթոռները կորցնելու է: Ուղղակի դա նաև մեր պետականության համար կարող է շատ վտանգավոր բան լինել, և ես զարմանում եմ, թե այս պարզունակ մտածելակերպ ունեցող իշխանությունը ի՞նչ է մտածում, ի՞նչ պետք է անի այս ժողովրդին անընդհատ սեղմելով, բողոքողին չլսելով, քննադատությունը չլսելով և իր զոռբայությամբ մինչև ո՞ւր պետք է գնա: Ի՞նչ պետք է լինի սրա վերջը: Ունե՞ն արդյոք փորձագետներ, որոնք նստած մտածում են, քննարկում են, գնում են իրենց ականջին ասում են՝ լսեք, վերջ տվեք, սա կարող է այսպիսի հետևանքներ ունենալ»:

Հարցին, թե այդ տեսանկունից եռյակի հանրահավաքից, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին՝ ի՞նչ կարելի է ակնկալել , Անահիտ Բախշյանն այսպես պատասխանեց. «Այսօր, ճիշտն ասած, ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նախորդը ցույց տվեց, որ ակնկալիք առայժմ ունենալը միամտություն է: Ընդհանրապես քննարկումներ են լինում, տեսնեմ՝ այդ քննարկումների արդյունքում անձամբ ես ինչ եմ զգալու և հասկանալու»:

Տեսանյութեր

Լրահոս