Ջոն Քերին պատմել է Պուտինի ու Պորոշենկոյի միջև առկա հավելյալ պայմանավորվածությունների մասին
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պատմել է Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի միջև ձեռք բերված հավելյալ պայմանավորվածությունների մասին, որոնք առնչվում են Ուկրաինայի արևելքի հրադադարին:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների միջև ձեռք վբերված անհայտ համաձայնագիրը լրացնում է հրադադարի մասին մինսկյան պայմանավորվածությունները. «Ի հավելումն մինսկյան պայմանավորվածությունների՝ կա համաձայնագիր, որը ձեռք է բերվել նախագահ Պորոշենկոյի ու նախագահ Պուտինի միջև բանակցությունների ժամանակ»:
Քերին ընդգծել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահները մոտ ժամանակներս հստակեցնելու են մի շարք բաների ժամկետներ: Քերին հիշեցրել է, որ Պուտինն ու Պորոշենկոն այս շաբաթ հանդիպելու են Միլանում ու շարունակելու են երկխոսությունը, ինչը տեղի է ունենալու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ: