Կարեն Ճշմարիտյանը՝ ԵՄ-ի, ԵՏՄ-ի ու ԽՍՀՄ-ի մասին (տեսանյութ)
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Եվրասիական տնտեսական միությունը բոլորովին չի նմանեցնում Խորհրդային միության հետ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախարարը, ԱՊՀ-ն ավելի մոտիկ է ԽՍՀՄ-ին, քան Եվրաստական տնտեսական միությունը (ԵՏՄ), քանի որ այն քաղաքական կառույց է, իսկ ԵՏՄ-ն՝ տնտեսական: Կ.Ճշմարիտյանը վստահեցրեց, որ Հայաստանը շարունակելու է խորացնել համագործակցոթյունը Եվրամիության հետ:
«Մենք խորացնելու ենք ԵՄ հետ համագործակցությունը: ԵՄ-ն հետևողականորեն տանում է նրան, որ մեր հետագա համագործակցությունը գնա խորացման»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:
Նա նշեց, որ ՀՀ արտաքին առևտրի 30%-ը ԵՄ երկրների հետ է. «Մեր ձգտումն է, որ ԵՄ երկրների հետ տնտեսական համագործակցությունը լինի ավելի բարձր մակարդակի վրա, պահպանվի GSP+ ռեժիմը»:
Խոսելով ԱՄՆ-ում հոկտեմբերի 10-12-ը կայացած Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովի վերաբերյալ՝ Կ. Ճշմարիտյանը նշեց, որ այս տարվա հուլիսի դրությամբ ՀՀ-ՀԲ գործընկերության փաթեթը ներառում է ավելի քան 100 ծրագիր և մոտ 2 մլրդ դոլար տեղաբաշխված ռեսուրս, իսկ 2014-2017թթ. ռազմավարության շրջանակներում պլանավորված է 711 մլն դոլար վարկային փաթեթ 13 ծրագրերի համար: Նախարարը վստահեցրեց, որ արտաքին պարտքի բեռի տեսանկյունից ՀՀ հնարավորությունները շատ ավելի մեծ են: