«Հարցումները ցույց են տալիս, որ մեծ մասը հիացած չեն նախորդ հանրահավաքով»

«Ես հիմա դժվարանում եմ ասել, թե Եռյակի հանրահավաքին Եռյակն ինչ էր միասնական պահանջում, որովհետև տարբեր կողմնորոշումներ էին նկատելի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով քառյակի հանրահավաքի մասին նման տեսակետ հայտնեց նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը:

Ըստ նրա՝ այն իրավիճակը, որ այսօր Հայաստանում գոյություն ունի, դրա համար անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ. «Իսկապես տեղի է ունեցել Հայաստանի բնակչության զգալի մասի արտահոսք, դա նշանակում է հասարակությունն ինչ-որ չափով ենթարկվել է մաշվածության: Արդյոք հերթական սահմանային իրավիճակի մեջ մտնելուց հասարակությունը լուրջ դեֆորմացիաների կամ դոմինոյի էֆեկտի չի՞ ենթարկվի, այսօր մենք բավականին դժվար կարող ենք ասել: Եթե դրան միավորենք նաև այն հանգամանքը, որ արտաքին վտանգը երբեք այնքան մեծ չի եղել ՀՀ-ի համար, ինչպիսին այսօր է (նկատի ունեմ ծայրահեղ իսլամի զարգացումները հարակից տարածքներում և ծայրահեղ իսլամի քարոզիչների զանգվածային մուտքը մեր հարևան երկրները), այս առումով մենք մտածելու մի բան ունենք՝ ո՞րն է ՀՀ-ի համար այն հնարավոր ընթացքը, որը զերծ կպահի նրան ցնցումներից»:

Վ. Խաչատրյանը կարծում է՝ պետք է նժարի վրա դրվեն Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրման խնդիրը և Եվրասիական տնտեսական միության մեջ մուտք գործելը: Նա համարում է, որ դրանք ամենայն խորությամբ չքննարկվեցին մեր քաղաքական դաշտում. «Երևի թե այն պատճառով, որ գոյություն ուներ բավականին լուրջ բևեռացում և արգումենտացիայի սեղանի վրա դրվելը խիստ կրճատ էր և բավականին սահմանափակ, իհարկե, դրանում բավական մեծ դեր է խաղացել այն հանգամանքը, որ ոչ մեկի, ոչ մյուսի մայր փաստաթղթերը հասանելի չեն եղել»:

168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է հաջողության հասնել քառյակի անդամների նման բևեռացման պայմաններում, Վ. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Հաջողության կարելի է հասնել, եթե բևեռացումը չխորանա և չհանգի բացասման, որ մեկը մյուսին փորձի բացասել: Երբ հակասությունները դառնում են բևեռային և սկում են խորանալ, նրանցից կամ մեկը պետք է շարունակի գոյությունը, կամ մյուսը, կամ երկուսը միասին կարող են վերանալ: Այսինքն՝ ինքն իրենից ներկայացնում է շատ մեծ պոտենցիալ վտանգ: Արտաքին ճշման պայմնաններում այդպիսի բևեռացումը մեծ շռայլություն է մեր նման երկրի համար»:

Հարցին՝ հավանական համարո՞ւմ եք, որ ավելի մեծ զանգված կլինի հոկտեմբերի 24-ին կայանալիք քառյակի հանրահավաքին, Վ.Խաչատրյանը պատասխանեց. «Մեր հարցումները ցույց են տալիս, որ մեծ մասը հիացած չեն նախորդ հանրահավաքով: Հայաստանում հանրահավաքը իրենից ներկայացնում է հետևյալը. դա նույն ֆաբուլայի կրկնությունն է, ինչ եղել է մինչև այս: Դա էմոցիոնալ յուրօրինակ կիզակետ է, որտեղ փորձում են բարձրացնել հաջորդ փուլը համեմետաբար ավելի զանգվածային շարժում ապահովելու համար: Ասել, որ այսօր հաղթահարված է այդ առաջին աստիճանը՝ բավականին բարդ է, որովհետև ժողովրդի ինստինկտն այս առումով հենվում է մեկ բանի վրա՝ հավաքականության լիարժեք, անվիճելի դրսևորման»:

168.am-ը Վ.Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկա հանրահավաքից, եթե նախորդ հանրահավաքում ժողովուրդն էր կոնկրետ քայլեր պահանջում, սակայն հարթակում կանգնած ուժերը չլսեցին ժողովրդին, իսկ հիմա ոչ իշխանական ուժերն ասում են, որ ամսի 24-ի հանրահավաքը լինելու է «միասնական ծրագրերի և միասնական քայլերի հանրահավաք: Ժողովուրդը քայլեր ունի իրականացնելու և գալու է իրականացնելու այդ քայլերը»:

Վ. Խաչատյանն ասաց, որ լավ բան չէ, որ հավաքված ժողովրդի լարման աստիճանը և հարթակում գտնվողների լարման աստիճանը գտնվում են հակադրության մեջ. «Մեկն ավելի ծայրահեղ է տրամադրված, մյուսը՝ զգալիորեն սակավ ծայրահեղ: Եթե անդրադառնանք այդ ելույթին, ի՞նչ է, այդ հանրհավաքը միասնական քայլերի հանրահավաք չէ՞ր: Այսինքն խոստովանում եք, որ այս մեկը փորձ էր, իսկ հավանաբար հաջորդը… Դե այդպես չէ, էլի»:

Տեսանյութեր

Լրահոս