Թաթուլ Մանասերյան. Ոմանք ուղղորդում են փոքր ձեռնարկատերերին, ցույցերը

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքին, ասաց, որ իր համար տարիմաստություն են պարունակում որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները. «Չի բացառվում, որ ոմանք ուղղորդում են փոքր ձեռնարկատերերին և կարծես՝ միտումնավոր շփոթ են առաջացնում այս դաշտում: Կառավարությունը և Ազգային ժողովը թերանում են շատ կարևոր հարցերում՝ իրազեկելուն և հանրային բաց քննարկմանը: Սրանք պետք է նախորդեն օրենքի ընդունմանը: Սրանց թերի լինելու պայմաններում դժգոհությունը կարող է լինել այնպիսին, ինչպիսին հիմա է»,- ասաց նա:

168.am-ի այն հարցին, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքն արդյոք խնդիրներ չի առաջացո՞ւմ մանր ու միջին բիզնեսով զբաղվողների համար, ինչպես հայտարարում է կառավարությունը, նա պատասխանեց, որ շրջանառության հարկը կարող է օգնել հաշվառելի դարձնել տնտեսությունը.

«Տարիներ շարունակ նաև մեր կողմից բարձրացված փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրը կարող է որոշակի հանգուցալուծում ստանալ: Ինչպես նշեցի՝ ինձ մոտ այն տպավորությունն է, որ ոմանք ուղղորդում են այդ ցույցերը, որովհետև փոքր բիզնեսին շատ հստակ ասվում է, որ եթե իրենց մերժում են տալ փաստաթուղթ խոշոր, միջին կամ մանր բիզնեսից, ուրեմն՝ պարզապես կարող են ասել, որ իրենց չեն տվել փաստաթուղթ և աղբյուրը մատնանշել: Հայաստանում, չգիտես ինչու, բարդույթ կա՝ նրանք, ովքեր ձեզ խաբում են, մատնանշելն ամոթ է: Ինչո՞ւ, եթե ձեզ չեն տալիս ՀԴՄ, նույն ամոթի զգացողությունը պետք է ունենա՞ք:

Կամ պետք է շարունակենք ստվերը պահպանել, կամ մի քիչ համարձակ դառնանք: Քիչ չեն մարդիկ, ովքեր բոլորովին առնչություն չունեն այդ խնդիրների հետ, բայց այսօր փողոց են դուրս եկել: Կարծում եմ՝ վաղ թե ուշ Հայաստանի տնտեսությունը պետք է հաշվառելի լինի, այսինքն՝ որտեղից գնաց փաստաթուղթը, որտեղ ֆիքսվեց: Եթե մենք ուզում ենք շարունակել ստեղծել փաստաթղթեր, դրանց համար վճարել, կարող ենք թողնել ինչպես կա: Ես կողմնակից եմ, որ հաշվառելի լինի և դրական լուրջ բաներ եմ այստեղ տեսնում՝ մեկ տոկոս իջեցնել, շեմը՝ բարձրացնել: Իսկ փաստաթուղթ պահանջելը մեզ մոտ պետք է դառնա գործարար մշակույթ»,-ասաց նա:

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս