Աղվան Վարդանյան. Սուրիկ Խաչատրյանի նշանակումը սխալ և չարդարացված քայլ է
«Կառավարությունը չի ուզում իր ակնհայտ սխալն ընդունել և զիջել, ու ասում են՝ չենք ստուգի, բայց օրենքն ասում է, որ պետք է ստուգեն, որ փաստաթղթավորվի ու բյուջե մուտքեր գան: Այս միջանկյալ լուծումները տեղին չեն: Այս փուլում հարցը չլուծվեց»,- այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ըստ նրա՝ այժմ կառավարությունը ժամանակ շահելու փորձեր է անում, չնայած պետք է ուղղակի օպերատիվ աշխատել և լուծումներ գտնել:
Հարցին՝ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը ՀՅԴ-ի վրա ազդե՞լ է, թե՞ ոչ և ՀՅԴ-ն շարունակո՞ւմ է հավատալ Սերժ Սարգսյանի սահմանադրական բարեփոխումներին, Ա.Վարդանյանը պատասխանեց, որ Ս.Խաչատրյանի անձի խնդիրը չէ, բայց նրա նշանակումը սխալ և չարդարացված քայլ է. «Ինչո՞ւ են գնացել դրան, պետք է հարցնել նախագահին, վարչապետին: Ձայներ հավաքելու խնդիրն էլ չէ, որովհետև մյուս մարզպետները, որ աչքի չեն ընկնում Սուրիկ Խաչատրյանի նման, գուցե ավելի լավ են ձայներ հավաքում: Մենք Սերժ Սարգսյանին չենք հավատում, մենք հավատում ենք մեր մոտեցումների ճշմարտացիությանը՝ սահմանադրական բարեփոխումների դեպքում երկում կփոխվի մթնոլորտը և մենք շարունակում ենք մեր ուղեգիծը»: