Ադրբեջանի մասին հայտարարություն անելուց առաջ Օբաման եղել է լավ իրազեկված. Թոմաս Մելիա
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով խորհրդական Թոմաս Մելիան հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության խնդիրների վերաբերյալ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը հենված է եղել հավաստի տեղեկատվության վրա:
Դրանից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քլինթոնյան Գլոբալ ֆորումում իր ելույթի ժամանակ ընդգծել էր, որ Ադրբեջանում անասելի խոչընդոտներ են ստեղծվել ՀԿ-ների գործունեության համար:
Սակայն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ, իշխանությունների գլխավոր գաղափարախոս Ալի Հասանովը հայտարարել էր, որ այդ քննադատությունը «օբյեկտիվ չէ»:
Ի պատասխան՝ Թոմաս Մելիան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համապատասխան հայտարարություն անելուց առաջ եղել է լավ իրազեկված. «Մենք հետևում ենք իրավիճակին, և ես պլանավորում եմ շուտով այցելել Ադրբեջան»:
Ընդգծվում է, որ մեկ տարի առաջ Ադրբեջանի իշխանությունները Թոմաս Մելիային մերժել էին երկիր այցելելու թույլտվության հարցում: