Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան միանում է Իրաքում «Իսլամական պետության» դեմ ավիահարվածներին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` բրիտանական խորհրդարանը հավանության է արժանացրել Իրաքում «Իսլամական պետության» թիրախներին հասցվող ավիահարվածներին Մեծ Բրիտանիայի միանալու մասին կառավարության ներկայացրած առաջարկը:

Այդ որոշման օգտին քվեարկել է 524 պատգամավոր, իսկ դեմ` 43-ը: Առաջարկում նշված է, որ Մեծ Բրիտանիան Իրաքի կառավարության խնդրանքով կարող է մասնակցել Իրաքում «Իսլամական պետության» դեմ տարվող օդային օպերացիաներին: Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանին չի ներկայացրել Իրաքում ցամաքային գործողություն իրականացնելն արտոնող առաջարկ:

Ակնկալվում է, որ բրիտանական կողմն Իրաքում իսլամականների դեմ գործողության մեջ կներգրավի 6 «Տոռնադո» տիպի կործանիչ, որոնք բազավորված են Կիպրոսում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը կարող է տևել ոչ թե ամիսներ, այլ` տարիներ:

Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիան չի միանա Սիրիայում ԱՄՆ-ի առաջնորդությամբ իսլամականների դիրքերին հասցվող ավիահարվածներին, ինչի պատճառն այն է, որ նա չի ճանաչում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը, և բացի այդ, Սիրիայից պաշտոնապես չի ստացվել նման խնդրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս