Պորոշենկոն կողմ է արտահայտվել իշխանության ապակենտրոնացմանն ու վաղաժամ ՏԻՄ ընտրությունների անցկացմանը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է գալիս վաղաժամ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու օգտին: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Պորոշենկոն մանրամասնել է, որ այդ ընտրությունները պետք է անցկացվեն սահմանադրական ուղղումներից հետո, որոնք առնչվում են իշխանության ապակենտրոնացմանն ու տեղական խորհուրդների լիազորություններն ընդլայնելու օգտին.
«Ես անմիջապես Գերագույն ռադայի նոր կազմին կառաջարկեմ սահմանադրական ուղղումներ, որոնք կառնչվեն ապակենտրոնացման հարցին: Դա կլինի տեղական խորհուրդների լիազորությունների կտրուկ ընդլայնում, այդ թվում նաև բյուջետային լիազորությունների ընդլայնում:
Ես խորապես համոզված եմ, որ լիազորությունների ընդլայնումը պետք է ուղեկցվի վաղաժամ ընտրություններով, որպեսզի տարածքային համայնքները հնարավորություն ունենան ընտրել նրանց, ովքեր հնարավորություն կունենան օգտվել այդ իրավունքից»: Պորոշենկոն հավելել է, որ իր ձեռք չի դողա վաղաժմ ընտրությունների անցկացման մասին օրենք ստորագրելիս: