Ինչ է խոստացել Երվանդ Զախարյանը՝ «Նաիրիտ» գործարան կատարած այցի ժամանակ
168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ այցելել է «Նաիրիտ», տևական ժամանակ շրջել գործարանում, իսկ աշխատակիցների հետ զրույցներում, մեր աղբյուրների համաձայն, բավականին շռայլ է եղել՝ խոստացել է մինչև այս տարվա վերջ վճարել աշխատավարձերի կուտակված ամբողջ պարտքը, վերագործարկել գործարանը և խորհուրդ է տվել հարկադիր պարապուրդում գտնվողներին ետ կանչել:
Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից հաղորդագրություն են տարածել նախարար Երվանդ Զախարյանի այցի վեաբերյալ, որում մասնավորապես ասված է. «Նախարարը շրջել է գործարանում և տեղում ծանոթացել տիրող իրավիճակին: Երվանդ Զախարյանը զրուցել է նաև գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ: Նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը մտահոգված է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ շուրջ ծագած խնդիրներով, մասնավորապես՝ աշխատավարձերի պարտքերի վճարման և գործարանի վերագործարկման հարցերով: Երվանդ Զախարյանն ասել է, որ այսօր արդեն միջոցառումներ են ձեռնարկվում այդ խնդիրներին լուծում տալու համար, սակայն որևէ ժամկետ նախարարը չի նշել:
Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկատվությանը, թե Երվանդ Զախարյանը խոստացել է մինչև այս տարվա վերջ վճարել աշխատավարձի կուտակված ամբողջ պարտքը, վերագործարկել գործարանը, և խորհուրդ է տվել հարկադիր պարապուրդում գտնվողներին հետ կանչել, ապա այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»: