Երվանդ Զախարյանը շրջել է «Նաիրիտում»
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ այցելել է «Նաիրիտ», տևական ժամանակ շրջել գործարանում, եղել բոլոր արտադրամասերում և համեմատաբար կարճատև՝ 15 րոպե տևողությամբ հանդիպում ունեցել ընկերության տնօրինության հետ: Նա գործարանի աշխատակիցների հետ զրույցներում բավականին շռայլ է եղել՝ խոստացել է մինչև այս տարվա վերջ վճարել աշխատավարձի ողջ կուտակված պարտքը, վերագործարկել գործարանը և խորհուրդ է տվել հարկադիր պարապուրդում գտնվողներին ետ կանչել:
Նախարարի այցը, թերևս, կարելի է համարել հուսադրող: Սակայն տարօրինակ է, որ այդ այցելության ժամանակ, ըստ մեր աղբյուրների, ոչ մի խոսք չի եղել, թե ինչ եղանակով պետք է աշխատի գործարանը, ոչ մի տեղեկատվություն չի եղել, որ գործարանը նախապատրաստվում է վերաթողարկման:
Ե.Զախարյանը նաև մեծ խորհրդակցություն չի անցկացրել գործարանում, չի պահանջել կոնկրետ նախագիծ թողարկման մասին: Չէ՞ որ նախարարի մոտ վերջերս տեղի ուենցած խորհրդակցության ժամանակ գրեթե բոլորը համակարծիք էին, որ «Նաիրիտը» շտապ պետք է վերագործարկել ացետիլենային եղանակով: