Բելառուսն ու Մոլդովան իրենց տեսնում են ԵՄ-ի ու ՄՄ-ի միջև կամրջի դերում
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ երկօրյա այցով ժամանել է Մոլդովա: Այցի շրջանակներում երկու երկրների առևտրա-արդյունաբերական պալատները Քիշնևում կազմակերպել են երկօրյա բելառուսա-մոլդովական գործարար ֆորում:
Ֆորումի բացման արարողության ժամանակ Մոլդովայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ադրիան Կանդուն հայտարարել է, որ անկասկած է, որ Բելառուսը հանդիսանում է իրենց ռազմավարական գործընկերը և հատկապես Ռուսաստանի կողմից իր շուկաներ մոլդովական ապրանքների մատակարարման վրա մաքսատուրքեր և այլ սահմանափակումներ դնելուց հետո:
Դրա հետ մեկտեղ Կանդուն համոզվածություն է հայտնել, որ Բելառուսի համար աճել է Մոլդովայի գրավչությունը, ինչը տեղի է ունեցել ԵՄ-ի ու Թուրքիայի հետ Քիշնևի կողմից ազատ առևտրի գոտի ստեղծելուց հետո:
Կանդուն կարծում է, որ բելառուսա-մոլդովական համատեղ ձեռնարկությունները կարող են առանց մաքսատուրքերի ապրանքներ արտահանել դեպի ԵՄ-ի ու Թուրքիայի շուկաներ, ինչպես նաև Մաքսային միության երկրների շուկաներ:
Դրա հետ համաձայնվել է Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսին, որի խոսքերով՝ Բելառուսն ու Մոլդովան իրենց տեսնում են քաղաքական ու տնտեսական երկու միությունների միջև կամրջի դերում: