Պլանավորված է առաջիկա երեք տարում Աստվածաշնչի 300.000 օրինակ գաղտնի ուղարկել Իրան
The Times-ի փոխանցմամբ` Իրան գաղտնի փոխադրում են պարսկերեն թարգմանված Աստվածաշնչի 300.000 օրինակ: Այս մասին Լոնդոնում հայտարարել են այդ գրքի հրատարակիչները:
Պլանավորված է, որ այդ 300.000 օրինակներն Իրանում կհայտնվեն հետագա երեք տարվա ընթացքում: Իրանի մուսուլմական հոգևորականությունը հանդես է գալիս Աստվածաշնչի տարածման դեմ և հետապնդում է նրանց, ովքեր անում են դա: Իրանում Աստվածաշնչի մի քանի օրինակ ներկրելը սպառնում է բանտարկությամբ:
Միևնույն ժամանակ Իրանում գործող քրիստոնեական առաքելական խմբերը հայտարարել են, որ Իրանի քրիստոնեական համայնքը հանդիսանում է աշխարհի ամենաարագ աճողը: Միսիոներների տվյալներով, ներկայումս այն ունի մոտ 400.000 մարդ և տարեկան ավելանում է 20 տոկոսով:
Ներկայումս իրանական բանտերում պահվում է ավելի քան 60 քրիստոնյա, և ոստիկանությունը շարունակում է հալածել «տնային եկեղեցիներին», որոնցում հավատացյալների ոչ մեծ խմբերը հավաքվում են` համատեղ աղոթելու ու Աստվածաշունչը քննարկելու համար: