Էդուարդ Շարմազանով. »Ով չի կարդում՝ նա գոյություն չունի»
«Հայաստանի Հանրապետության ապագան կիրթ, գրագետ նոր սերունդն է, որը կարող է դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին: Կիսագրագետ կամ տգետ կեցվածքով՝ մարտահրավերներին չեն դիմակայում, դիմակայում են ուղեղով և ոգով: Մանկավարժի մասնագիտությունը թիվ մեկ մասնագիտությունն է. եթե բժիշկը բժկում է մարդուն մարմինը, ապա մանկավարժը՝ մարդու ոգին»,- ասաց Աժ փոխնախագահ, ՀՊՄՀ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ Մանկավարժական համալսարանում բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ ժամանակակից էլեկտրոնային ընթերցասրահի բացման ժամանակ:
Աժ փոխնախագահը նկատեց, որ Հայաստանի իշխանությունները, գիտամանկավարժական ոլորտի ներկայացուցիչները, քաղաքացիները միշտ էլ կարևորել են մրցունակ կրթության առկայությունը Հայաստանում: Եվ հազարամյակներ շարունակ, պետության կայացման գործում, գիտությունն ու կրթությունը առանցքային դերակատարություն են ունեցել:
Որպես ՀՊՄՀ շրջանավարտ՝ Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, այս դարաշրջանում տեխնիկապես հագեցած պայմաններով նման ընթերցասրահ ունենալը նպաստում է գիտելիքների ավելի դյուրին ձեռքբերմանը:
«Ամեն օր պետք է կարդալ, սովորել , ինքնակրթվել և ինքնազարգանալ, քանզի ով չի կարդում՝ նա գոյություն չունի: Մանկավարժական համալսարանը այն քիչ բուհերից մեկն է, որ ոչ միայն հնարավորություն է տալիս կրթվելու և զարգանալու, այլև՝ ստացած կրթությունն կատարելագործելու արտասահամանյան մի շարք առաջատար բուհերում»,- ասաց Աժ փոխնանախագը՝ հույս հայտնելով, որ ժամանակ գտնելու դեպքում նա ևս անպայման կայցելի այս ընթերցասրահ:
Էլեկտրոնային, տեխնիկապես գերհագեցած ընթերցասրահում կարելի է գտնել ոչ միայն համապատասխան գրականություն, այլև յուրաքանչյուր մասնագիտության համար ստեղծված են շտեմարաններ, որոնք հնարավորություն են տալիս հիմնական և օժանդակ գրականության հետ մեկտեղ լայնածավալ օգտագործել նաև օտարալեզու գրականության:
Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հավաստիացրեց, որ բուհն օգտագործումէ ամեն մի հնարավորություն՝ հնարավորինս շատ գիտելիքներ ուսանողին փոխանցելու համար:
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն էլ նկատեց, որ բուհը վերջին տարիներին շեշտադրել է կրթության նոր բարեփոխումների և գիտելիքահեն տնտեսության համատեքստերում էլեկտրոնային գրադարանների առկայությունը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին առավել հարմարավետ պայմաններում խորացնել իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները:
«Ժամանակակից գիտական կոմպետենտային մոտեցման համաձայն՝ ժամանակը դառնում է խնայելու կարևորագույն գործոն, իսկ նման՝ մասնագիտական, օտարալեզու և օժանդակ գրականությամբ հագեցած ընթերցասրահը կնպաստի ուսուցման ռեսուրսների բարելավմանը՝ խնայելով ժամանակը»,- նշեց պրոռեկտորը և հավելեց՝ ընթերցասրահի բացումը մեծ ձեռքբերւմ է ուսանողների համար:
Նշենք, որ վերազինված նորաբաց ընթերցասրահն ունի բնագիտատեխնիակական ուղղվածություն և հագեցած է մոտ 4000 միավոր մասնագիտական, օժանդակ և օտարալեզու գրականությամբ, ինչպես նաև մանկավարժական և հոգեբանական բազմաթիվ ուսումնական ձեռնարկներով: 60 նստելատեղ ունեցող ընթերցասրահում ուսանողները հնարավորություն ունեն օգտվելու նաև նոր համակարգիչներից և համացանցից: