«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» պատասխանը՝ Արամ Մանուկյանին. Գիլյոտին ծրագիրն իրականացվում է դրամաշնորհներով
Ի պատասխան օրերս Ազգային Ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դիտարկմանը, թե Կարգավորիչ գիլյոտին ծրագիրն իրականացվում է վարկային միջոցներով եւ գործում է անարդյունավետ, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը տեղեկացնում է, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցները՝ աշխատակազմի աշխատավարձ, տեղական եւ միջազգային փորձագետների վարձատրություն, էլկետրոնային համակարգի ստեղծում, դրամաշնորհային են:
«Ծրագրերի արդյունավետությունը հնարավոր է գնահատել ներկայացված օրենսդրական առաջարկների ընդունումից եւ իրավական ուժ ստանալուց հետո: Մինչ օրս ՀՀ վարչապետի գլխավորությամբ գործող Բարեփոխումների խորհրդի կողմից հավանության է արժանացել Կարգավորիչ գիլյոտին ծրագրի ներկայացրած առաջարկների 85 տոկոսը: Իրավական դաշտի այս բարեփոխումները բիզնեսի եւ քաղաքացու ծախսերը տարեկան կտրվածքով խնայում են շուրջ 6.3 մլդ դրամով:
Ինչ վերաբերում է ծրագրի ավատին, ապա 2015թ. կեսին, երբ ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանված 17 գերակա ոլորտները կվերանայվեն, եւ օրենսդրությունն ու կանոնակարգերը կպարզեցվեն, կմեկնարկի Կարգավորման ազդեցության գնահատումը (ԿԱԳ): Արդյունքում՝ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը կվերափոխվի Կարգավորման ազդեցության գնահատման կենտրոնական գրասենյակի՝ իրականացնելու մեր երկրում ստեղծվող բոլոր կարգավորիչ օրենսդրական նորմերի ԿԱԳ-ը մինչեւ դրանց ընդունումը»,- ասված է հաղորդագրության մեջ: