Չինաստանի նախագահը հաջորդ տարի կայցելի Թեհրան
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել Իրանի ու Չինաստանի նախագահներ Հասան Ռոուհանիի ու Սի Ծինփինի հանդիպումը, որոնք մասնակցում են ՇՀԿ-ի գագաթաժողովի աշխատանքներին:
Հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների ընդլայնման հարցը: Ռոուհանին չինական կողմին կոչ է արել կատարել բոլոր համաձայնագրերը, որոնք գոյություն ունեն երկու երկրների միջև: Ռոուհանին Թեհրանի ու Պեկինի փոխհարաբերությունները որակել է որպես «ամուր»:
Սի Ծինփինն իր հերթին ողջունել է տարածաշրջանում Իրանի առանցքային դերն ու ընդունել է 2015 թվականին Թեհրան այցելելու հրավերը: Նախագահները քննարկել են նաև տարածաշրջանային ու միջազգային վերջին իրադարձությունները:
Իրանը նախագահը Դուշանբեում առանձին հանդիպումներ է ունեցել նաև Աֆղանստանի ու Ղազախստանի նախագահներ Համիդ Կարզայի ու Նուրսուլթան Նազարբաևի հետ: